ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հիմնադրած «Տրանս ակնթարթ» տրանսպորտային կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Լիզա Գասպարյանը քիչ առաջ Aravot.am-ին հայտնեց իր դժգոհությունն առ այն, որ վաղ առավոտյան Երևան-Գյումրի մայրուղու 51-րդ կիլոմետր հատվածում շուռ եկած «գազել»-ի պատկանելիության մասին իրավապահները ոչինչ չեն հայտնում, արդյունքում շատերը կամ զանգահարում են՝ հարցնելով ձեր ընկերության գազե՞լն է, կամ միանգամից վերագրում են իրենց՝ վնասելով ընկերության գործարար համբավը։
«Վաղ առավոտից մեր ընկերություն հեռախոսազանգերը չեն դադարում, մենք պարբերաբար հերքումներ կամ բացատրություններ ենք տալիս՝ վթարի հետ կապված։ Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին։ Ժամը 18․00-ն է, պարզվում է Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ կոմպետենտ կառույց, իրավապահ մարմին, որը կկարողանա հստակեցնել, թե տվյալ վթարի ենթարկված մեքենան ո՞ւմ է պատկանում, ո՞ր ընկերությանը։ Մեր ընկերությունը պարզել է, որ այդ մեքենան մասնավոր անձի է, որևէ ընկերության հաշվեկշռում չէ։
Սա լուրջ մտահոգության թեմա է մեր ընկերության գործարար իմիջի համար, տագնապ ու խուճապ է սկսվել․ անընդհատ աշխատում ենք մեր ուղևորների հետ, անընդհատ բացատրում ենք, որ Գյումրի-Երևան երթուղին և Գյումրի-Երևան մայրուղին նույնը չեն, և պետք չէ շփոթել դրանք։
«Տրանս ակնթարթ»-ընկերությունը սպասարկում է Գյումրի-Երևան երթուղին, սպասարկում է «ֆորդ տրանզիտ» մեքենաներով արդեն երեք տարի՝ նախարարության համապատասխան թույլտվության հիման վրա։ Մենք 3 տարի է՝ հրաժարվել ենք «գազել» մակնիշի մեքենաներից, որովհետև դրանք վաղուց հնացել են, ապահով չեն։ «Գազել» հասկացությունն ընդհանրապես առնչություն չունի մեր կազմակերպության հետ։
Հորդորում, խնդրում ենք բոլոր ընթերցողներին, մարդկանց, որոնք մտահոգ են այս խնդրով, այդ վթարը, որը մեծ ցավ է պատճառել գյումրեցիներիս, չասոցացնել մեր ընկերության հետ։
Լրատվամիջոցներին էլ խնդրում ենք պրոֆեսիոնալ աշխատանք կատարել ու տեղեկատվություն փոխանցող մարմիններից ճշտել, թե տվյալ մեքենան ո՞ր ընկերության հաշվեկշռի վրա է գտնվում։
Մենք անգամ նախարարության հետ ենք հեռախոսազանգ ունեցել, որոնք հետաքրքրվում են ՝ արդյո՞ք վթարը վերաբերում է կանոնավոր երթուղի սպասարկող ընկերությանը։ Դա բնականաբար հերքվել է, սակայն պիտի ճշտել, հարցնել՝ տվյալ մեքենան, որ ընկերության հաշվեկշռի վրա է գտնվում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ