Արագած Ախոյանին, Տիգրան Չոբանյանին, Արշակ Զաքարյանին, Իսրայել Հակոբկոխյանին եւ Վահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության յուրացման փորձի հատկանիշներով: Քրեական գործի հարուցումից մեկ տարի անց կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Տիգրան Չոբանյանի, Արագած Ախոյանի եւ Վահագն Չախալյանի մեղադրանքը փոխվել է ավելի ծանր՝ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման փորձ):
Ըստ մեղադրանքի, մեղադրյալները փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ կառավարության լիազորություններին:
Վարույթն իրականացնող քննչական կոմիտեն պատրաստվում է գործով նախաքննության ավարտ հայտարարել եւ այն ուղարկել դատարան:
Aravot.am-ը Տիգրան Չոբանյանին խնդրեց մեկնաբանել քննչական կոմիտեի այս շտապողականությունը: «Բնույթով շինծու գործ է հարուցված: Ես, մենք մեղադրանքը, բնականաբար, չենք ընդունում: Մեզ առաջադրված հոդվածով Հայաստանի Հանրապետությունում դեռ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել եւ ոչ մեկը չի դատապարտվել: Մենք առաջինն ենք: Ընդ որում, ամեն ինչը արվել է շատ հապճեպ, քննչականը դա շատ արագ արեց, որպեսզի գործը հնարավորինս շուտ մտնի դատարան: Մենք ենթադրում ենք, որ սա, ըստ երևույթին, կապված է հանրապետությունում հնարավոր այն կարգի իրադարձությունների հետ, որը մենք չենք հանդուրժի, կպայքարենք: Նրանք դա շատ լավ գիտեն, վախենում են եւ ցանկանում են մեր տեսակը հնարավորինս շուտ մեկուսացնել: Այլ մեկնաբանություն չունենք, որովհետեւ հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր, երբ կառավարության շենքում ոչ մի աշխատակից չկա, մենք դատարկ շենքում ի՞նչ իշխանություն պետք է զավթեինք: Սա միանշանակ բացահայտ քաղաքական հետապնդում է: Ընդ որում, այնքան ծիծաղելու, որ գործով անցնող հինգ հոգուցս առնվազն երեքը՝ Արագած Ախոյանը, Իսրայել Հակոբկոխյանը եւ Վահագն Չախալյանը, ընդհանրապես այդ գործի հետ կապ չունեն: Նրանք այդ պահին ընդամենը դիտորդ են եղել եւ հայտնվելով ոստիկանության գործողությունների տարածքում՝ բերման են ենթարկվել: Իսկ նրանց վրա գործ հարուցել են, որովհետև այդ մարդիկ հանրային ճանաչում ունեն:
Կարդացեք նաև
Ի դեպ, այդ օրվա մեր ցուցը արտոնված է եղել, քաղաքապետարանից թույլտվություն էինք ստացել, գնացել հանդիպել եմ ոստիկանության հետ, եւ ամբողջ ցույցի ժամանակ մենք ոստիկանության հետ համագործակցել ենք, իրենց բոլոր ցուցումները կատարել: Ավելին ասեմ, մենք շենք-շինություն չենք գրավել: Ոստիկանները՝ մի գնդապետ, որի ազգանունը չգիտեմ, իրենք են առաջարկել՝ ասելով դռները բացենք, մտեք, բայց մենք հրաժարվել ենք: Ես սա դատարանում էլ եմ ասել: Բախումը սկսվեց նրանից, երբ մեզ անհայտ անձինք, հետեւից ժողովրդին սկսեցին հրել ոստիկանների վրա եւ արհեստական բախում սարքեցին: Այդ տեսագրությունները կան: Զավեշտալի է, որ այս մեկ տարում այդ անհայտ անձանց չկարողացա՞ն բացահայտել: Առավել եւս, որ պարզ երեւում է, թե ով է ժողովրդին հրում ոստիկանության վրա: Սա, կրկնում եմ, քաղաքական հետապնդում է»,-ասաց Տիգրան Չոբանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ