Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը պատրա՞ստ է «Բալասանյան դաշինք»-ի հետ միավորվելով՝ դառնալ Գյումրու քաղաքապետ․ Հովհաննես Հարությունյանի պարզաբանումը

Հոկտեմբեր 20,2021 17:38

ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո Գյումրիում ամենաքննարկվող թեման դարձել է քաղաքային իշխանության ձևավորումը։ Գյումրեցիներին հետաքրքրում է, թե որ քաղաքական ուժը որի հետ կոալիցիա կկկազմի, ո՞ւմ կընտրեն որպես քաղաքապետ։

Հիշեցնենք, որ Գյումրիում առաջատար է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը ստացել է ձայների 36,59 տոկոսը, իսկ իշխող կուսակցություն ՔՊ-ն՝ 29,56 տոկոսը։

ՏԻՄ ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական ուժ ավագանու տեղերի ընդհանուր թվի 50 տոկոսից ավելի ձայներ չի հավաքել, որպեսզի օրենքի ուժով միանգամից ստանձնի քաղաքի ղեկը, հետևաբար և ավագանին պիտի քաղաքապետի ընտրություն կատարի։ Ընդ որում, այդ քվեարկությունը պիտի լինի բաց։

Գյումրիում երկու վարկած է շրջանառվում․ մեկն այն է, որ ՔՊ-ն համագործակցելու է «Բալասանյան դաշինք»-ի հետ՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրելով Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունը։ Մյուսն էլ, որ «Բալասանյան դաշինք»-ը կոալիցիա կկազմի երրորդ քաղաքական ուժի՝ «Զարթոնք»-ի հետ, այսպիսով` ավագանու տեղերի մեծամասնություն ունենալով և քաղաքապետ կընտրի իր նախընտրած թեկնածուին։

«Զարթոնք»-ի քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանն Aravot.am -ի հետ զրույցում ասաց, որ նման առաջարկ չեն ստացել «Բալասանյան դաշինք»-ի կողմից։

Երեկ էլ ահազանգեր ստացանք, որ ՔՊ-ն սկսել է ճնշումներ գործադրել «Բալասանյան դաշինքի» վրա՝ պարտադրելով քաղաքապետի թեկնածու առաջադրել Շիրակի մարզպետին ու ըստ էության չհաղթելով ընտրություններում՝ տեր դառնալ քաղաքի իշխանությանը։

Որքանո՞վ են իրական այս խոսակցությունները, որ ՔՊ-ն ճնշումներ է գործադրում «Բալասանյան դաշինք»-ի վրա, արդյոք Շիրակի մարզպետը պատրա՞ստ է ձայների մեծամասնություն չստանալով՝ ստանձնել քաղաքի ղեկը, և ինչպե՞ս կմեկնաբանի լուրերն, որ ՔՊ-ի նախընտրական շտաբում ՏԻՄ ընտրություններում առաջին տեղը չզբաղեցնելուց հետո վիճաբանել են, նույնիսկ ծեծել իրար։ Այս մասին Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանից։

«Քանի դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերջնական, ամփոփված տվյալները հրապարակված չեն, կարող ենք ասել, որ մենք ոչ մի քաղաքական ուժի հետ ո՛չ խոսել ենք, ո՛չ էլ այս պահին առաջարկներ կքննարկենք։ Երբ կլինեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները, և դրանից հետո գուցե կլինեն առաջարկություններ, մենք կքննարկենք այդ առաջարկները»,-ասաց մարզպետը։

Մենք նաև ճշտեցինք, պատրա՞ստ է քաղաքապետ դառնալ, եթե առաջին տեղը զբաղեցրել է ոչ թե իր քաղաքական ուժը, այլ «Բալասանյան դաշինք»-ը, որն ունի իր սեփական թեկնածուն։

«Այս ամենի մասին մի քիչ վաղ է խոսելը, որովհետև ինչպես ասացի, սպասում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփմանը, բայց ինձ համար շատ կարևոր է քաղաքի զարգացումը, մենք այս գործընթացի մեջ մտել ենք հանուն քաղաքի։ Եվ եթե քննարկումների արդյունքում այնպիսի որոշման հնարավորություն կլինի, որն իրոք հօգուտ քաղաքի կլինի, մենք կկանգնենք այդ որոշման կողքը։ Մենք ունեցանք մի իրավիճակ, երբ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չգնաց քվեարկություն և դա ունի իր պատճառը, որը մենք հիմա վերլուծում ենք, այս ընտրությունների արդյունքները չպիտի ազդեն քաղաքի զարգացման վրա»։

Մեր այն հարցին էլ, եթե կոալիցիա կազմեք, սակայն ձեզ չառաջադրեն որպես քաղաքապետի թեկնածու կամ եթե կոալիցիա չկազմեք, ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնում ձեր թեկնածություն առաջադրի, սակայն չընտրվեք, կշարունակե՞ք մարզպետի պաշտոնում ձեր գործունեությունը՝ պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որտեղ իմ ծառայությունը համարվի անհրաժեշտ, ես պատրաստ եմ ծառայելու։ Եթե կլինի այլ առաջարկ, ես կմտածեմ դրա մասին, եթե չի լինի, այս պահին պետք է շարունակել մարզպետի գործունեությունը, կշարունակեմ։ Այդ հարցը չի էլ քննարկվել։ Հիմա սպասում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփմանը։ Համենայնդեպս ես եթե ընտրվում եմ Գյումրու քաղաքապետ, պարզ է, որ մարզպետի պաշտոնից պիտի դուրս գամ, համատեղելի չէ»։

Իսկ վիճաբանություն, ծեծկռտուք եղե՞լ է ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար, որից հետո կռիվը շարունակվել է թիվ 25 դպրոցի մոտ, և ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո թունդ լեզվակռիվ, հայհոյանքներ հնչե՞լ են ՔՊ-ի շտաբում, որտեղ կուսակցականները պարտության մեղքը բարդել են իրար վրա։

«Քարոզարշավի ամբողջ ընթացքում տարբեր մարդիկ տարբեր ձևով փորձեցին մեր թիմի անունն անընդհատ պախարակել, հիմա էլ նույն գործելաոճը շարունակում են, մնացել էր մինչև վերջին օրը օգտագործեն մեր անունը, օգտագործել են, ես այդքանը կասեմ։ Այդ մտքերը հիմար երևակայության արտացոլումն են։ Նման բան տեղի չի ունեցել և չի կարող տեղի ունենալ մի թիմում, որտեղ կամ ես և կան մեր թիմակիցները»,-ասաց մեր զրուցակիցը։

Հովհաննես Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ՏԻՄ ընտրություններին գյումրեցիների մասնակցության ցածր ցուցանիշը ուսումնասիրվում է։ «Չի կարող մարդը ասի՝ մեկ է ընտրված են, ու չգնա ընտրության։ Պիտի հասկանանք՝ ի՞նչն էր պատճառը, պատճառը քարոզարշավի՞ մեջ էր, թե՞ մեր մեջ էր, պարտադիր պիտի հասկանանք»։

Հարցին էլ՝ դուք ընդունու՞մ եք, որ Գյումրիում ՔՊ-ն պարտվել է, Շիրակի մարզպետն ասաց․ «ՔՊ-ն չի պարտվել, ՔՊ-ն այս պահին չի հաղթել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031