Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ազդեցության գործակից ունեցող ամսագրերի, Հարվարդի ու կրթության որակի մասին

Հոկտեմբեր 20,2021 17:04

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում անդրադարձել է ԵՊՀ կարգավիճակին: Նա նշել է, որ մի շարք բարեփոխումներ են արել. «Տարբեր ֆակուլտետներ իմ այցելության ժամանակ դասախոսներին հորդորում եմ հրապարակվել միայն ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, որովհետեւ այս դաշտում էլ շատ են կեղծ ամսագրերը, հետեւաբար պետք է ուշադիր լինել: Բոլոր ֆակուլտետներում ցույց եմ տվել, թե որքան հոդված ունեն իրենք»:

Հովհաննես Հովհաննիսյանը խոսել է նաեւ կրթության որակը չափելու միջազգայնորեն ընդունված ծրագրային հավատարմագրումից, ընդգծել, որ պատրաստվում են տարեկան մեկ-երկու կրթական ծրագիր տանել ծրագրային հավատարմագրման, ինչը նրա համոզմամբ, վեր կհանի խնդիրները: «Բոլոր ֆակուլտետներին տրվել է առաջադրանք՝ շրջաբերականի տեսքով, բոլորը պետք է իրենց դասընթացները ներբեռնեն e-learning հարթակում կամ «մուդլ»-ում, որպեսզի այն ավանդական խնդիրները, որ ունեին ուսանողները՝ քսերոքս, թուղթ եւ այլն, այլեւս չլինեն, եւ նյութերն ամբողջությամբ էլեկտրոնային ներբեռնված լինեն»,- հավելել է նա:

Ռեկտորի պաշտոնակատարը շեշտել է, որ կարեւոր խնդիրների թվում են կրթության որակը, կադրերի պակասը, ցածր աշխատավարձը. «Ինստիտուցիոնալ լուծումը, որ մենք առաջարկում ենք, անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի ստեղծումն ու զարգացումն է: Այդ ուղղությամբ մի շարք քննարկումներ արել ենք տարբեր ֆինանսական ընկերությունների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ մոդելով ենք կառուցում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը: Օրինակ` Հարվարդը 50 մլրդից ավելի անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ ունի: Դա այնպիսի գումար է, որի մայր գումարը հնարավոր չէ օգտագործել, օգտագործվում են գումարից եկող շահաբաժինները, տոկոսադրույթները՝ տարբեր ծրագրերի մեջ:

ԵՊՀ բյուջեն, որը շատ փոքր է, գոյանում է՝ 70 տոկոս ուսման վարձերից եւ 30 տոկոս պետական գումարից: Մենք որեւէ մեկին չենք ասում՝ մեզ գումար տվեք, բայց ասում ենք՝ եկեք կոնկրետ ծրագրերի մասին խոսենք: Օրինակ` նման ծրագրերից մեկը հետեւյալն է՝ մեր հանրաճանաչ գիտնականներին բարձր աշխատավարձով կարող ենք հրավիրել Հայաստան՝ իհարկե ոչ համալսարանի բյուջեից: Իրենք կգան Հայաստան, իրենց հետեւից կբերեն տարբեր հետազոտական ծրագրեր, կփոխեն մթնոլորտը, ուսանողներին կաջակցեն գիտական ծրագրերում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031