Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվող նախագծով էականորեն սահմանափակվելու և խոչընդոտվելու է ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը․ հայտարարություն

Հոկտեմբեր 20,2021 16:41

Հայտարարություն ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում ս.թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ սահմանելով 2 տարի ժամկետով:

Որպես առաջարկվող նախագծի հիմնավորում ներկայացվում է Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.2021թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ.174-2021): Նախագծի հեղինակը հանդիսանում է ՀՀ ոստիկանությունը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ատացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով»:

Գործող խմբագրությամբ որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերությունը կրկնում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հովդածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը, ըստ որի՝ «մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով»:

Առաջարկվող նախագիծը խնդրահարույց է մի շարք պատճառներով.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձնագիրը ՀՀ քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, որը նախատեսված է ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար:

Ըստ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի օրենքի առաջ որպես անձ ճանաչվելու: Այդպիսով, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր՝ որպես իր ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:

Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի տևողությունն ուղղակիորեն պայմանավորում է անձի այլ իրավունքների իրացման հնարավորությունը, այդ թվում՝ իրավական և սոցիալական պաշտպանությունը: Կարճաժամկետ վավեր փաստաթղթի ներմուծումը էականորեն կխոչընդոտի անձանց՝ սոցիալական ծրագրերի, իրավական պաշտպանության միջոցների և այլ ծառայությունների հասանելիությունը:

2. ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոչ ունի ազատ տեղաշարժվելու իրավունք և բնակավայր ընտրելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի և ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք: Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Առաջարկվող նախագծով էականորեն սահմանափակվելու և խոչընդոտվելու է ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ զրկելով ՀՀ տարածքից դուրս երկարաժամկետ շրջագայելու և ՀՀ տարածքից բացակայելու հնարավորությունը:

Վավերականության կարճ ժամկետ ունեցող անձնագրի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա պետություններ մուտք գործելու թույլտվությունների (վիզաների) ժամկետը նույնպես կնվազի, ինչը կհանգեցնի ազատ տեղաշարժվելու իրավունքի անհիմն սահմանափակման, հատկապես օտարերկրյա պետություններում կրթություն ստացող, աշխատող, քաղաքացիների, բյուրոկրատական և փաստաթղթային անհարկի գործընթացների, լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության քաղաքացիների համար:

Անհրաժեշտ է փաստել, որ ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի կրճատման առաջարկն ուղղակիորեն հակասում է 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագրի պահանջներին և քաղաքականությանը: Ավելին, ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համաձայն, որն ուժի մեջ մտավ 2021թ. մարտի 1-ին՝ կողմերն ապահովում են վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, ավելին՝ կողմերը պարտավոր են շարունակել խթանել վիզաներին տրամադրումը դյուրացնելու համաձայնագրի միջոցով քաղաքացիների տեղաշարժը մինչև մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը:

3. Կծանրաբեռնվեն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում անձնագրերի տրամադրման գործառույթ իրականացնող մարմնի՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության աշխատանքը, այլև տարբեր երկրներում ՀՀ հյուպատոսական ծառայությունների աշխատանքը՝ հանգեցնելով ՀՀ քաղաքացիների իրավունքների լրացուցիչ խախտումների, այդ թվում հնարավոր ձգձգումների և վավերական անձնագիր ունենալու՝ քաղաքացու իրավունքի խախտման, ինչպես նաև քաղաքացու և անձի այլ իրավունքների իրացման անհնարինության:

4. Նախագիծն ուղղակիորեն հակասում է վերոնշյալ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին, որն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան կառավարության որոշումը: Նորմատիվ իրավական ակտեի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, ինչը տվյալ դեպքում տեղի կունենա, եթե նախագիծը ընդունվի:

5. Եվ վերջապես, ներկայացված նախագիծը որևէ հիմնավորում չի պարունակում: Հեղինակող մարմնի կողմից չեն ներկայացվել նման փոփոխության առաջարկի անհրաժեշտությունն ու հիմքում ընկած հանգամանքները, չեն գնահատվել անձնագրի վավերականության ժամկետը հինգ անգամ կրճատելու հետ կապված ռիսկերը ինչպես տեխնիկական, ֆինանսական, այնպես էլ մարդու իրավունքների արդյունավետ իրացման համար: Որպես հիմնավորում նշվել է բացառապես Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.2021թ. նիստում տրված հանձնարարականը, որի բովանդակությունը հրապարակային չէ և անհայտ է հանրությանը՝ առաջացնելով կամայական մեկնաբանությունների հիմքեր:

Հաշվի առնելով վերոգրյալ մտահոգությունները՝ պահանջում ենք քննարկվող նախագիծը հանել շրջանառությունից:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Բաց Հասարակության հիմնադրամներ- Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031