Ձկնորսներն այսօր փակել էին Երեւան-Սեւան մայրուղին: Նրանց զայրացրել են Շրջակա միջավայրի նախարարության սահմանափակումները՝ ձկան որսի վերաբերյալ: Ասում են՝ արդյունագործական ձկնորսությունը թույլատրված է ապրիլից մինչեւ սեպտեմբեր, որի ընթացքում իրավունք ունեն որսալու 250 կիլոգրամ ձուկ: Օրական կտրվածքով ստացվում է 1,5 կիլոգրամ, ինչն էլ կազմում է 3-4 ձուկ. «Ասում են՝ գնացեք՝ աշխատեք ու այդ 4 ձկով բերեք ընտանիք պահեք: Սեպտեմբերից մինչեւ հոկտեմբերի մեկը 100 կիլո էլ ավելացրել են, դարձել է 350 կիլոգրամ: 10 կիլոգրամ էլ դրա հաշվին է ավելացել: Որ հաշվում ես, ստացվում է՝ մարդը պետք է բենզին վառի, ավտո օգտագործի, մոտորանավակը քշի, հարկերը մուծի եւ ընդամենը 5 ձուկ տուն տանի»:
Ձկնորսների խոսքով, իրենք առաջարկել են ձկան գնից կախված՝ նավակի գին վճարել. «Այսինքն՝ եթե ձուկը կլինի 100 դրամ, յուրաքանչյուր մոտորանավակ կմուծի 10 հազար դրամ, եթե ձուկը կարժենա 150 դրամ, կմուծի 15 հազար դրամ, իսկ տոննաժը բաժանեք ծախողներին, ոչ թե բռնողներին»:
Նրանց ներկայացված հաշվարկներով, միեւնույն է, այս 6 ամսում Սեւանից դուրս է եկել մոտ 10 հազար տոննա ձուկ, իսկ պետությունը դրանից ստացել է ընդամենը 350 տոննայի բնավճարը. «Մինչդեռ կարելի էր եւ այդ 10 հազար տոննայի բնավճարը վերցնել, եւ 10-15 հազար դրամները՝ կախված ձկան արժեքից»:
Կարդացեք նաև
Ձկնորսների խոսքով, որեւէ մեկի կարծիքը հաշվի չեն առնում, իսկ, երբ բողոքում են իրենց տարածքից ընտրված պատգամավորին, ասում է՝ ինձ հետ գործ չունեք. «Բա ինչի՞ ենք ընտրել: Ասում ենք՝ կազմակերպի հանդիպում, բայց այդ մարդը բացարձակ տեղից չի շարժվում»:
Ձկնորսների խոսքով, իրենք կոնկրետ առաջարկներ ունեն, բայց լսող չկա: Ցույցի մասնակիցների մոտ ժամանած Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ ո՛չ նախարարը, ո՛չ մարզպետն իրավունք չունեն կառավարության որոշումը չկատարել: Մարզպետի խոսքով, եթե առաջարկում են արգելքի վերաբերյալ որոշումը չեղարկվի, դրա համար ժամանակ է պետք:
Ձկնորսներն ասացին, որ իրենց հացը դրանով են վաստակում, իսկ, եթե այն կտրեցին, բոլորը կդառնան հանցագործ. «Գյուղի խանութներն էլ են էս ձկան հույսին, բոլոր գործարքներն էլ ձկան հույսին են: Եթե ուզում են, որ սաղս կոտորվենք՝ թող գան մեզ տներից հանեն՝ տանեն, ասեն՝ կախվեք՝ ձեզնից պրծնենք»:
Ձկնորսները խոստացան՝ եթե մյուս անգամ ճանապարհը փակեն, այլեւս չեն բացելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ». ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում ցույցից հետո գրառում է արվել. «Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա։
Հիշեցնենք, որ՝
✅ Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
✅ Կառավարության ս․թ․ սեպտեմբերի 2-ի որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների մտահոգությունները։ Բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը»: