«Որեւէ բան չեմ կարող պնդել գազի սակագնի վերաբերյալ, քանի որ այս պահին սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցություններն ընթանում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները կարող են որոշակի ազդեցություն գործել էլեկտրաէներգիայի վրա։ Քննարկումներն առայժմ ավարտված չեն։ Դրանք կավարտվեն, երբ ստորագրվի միջկառավարական համաձայնագիր։ Եթե գազի գինը սահմանին լինի այնպիսին, ինչպիսին հիմա է, ապա սակագների բարձրացում չի լինի։ Ամեն դեպքում էներգետիկ համակարգում վերանայումներ կատարվում են ամեն տարի՝ անկախ այն բանից՝ կանդրադառնա՞ դա սպառողի վրա, թե՞ ոչ»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Պարոն Բաղրամյանը նաեւ ասաց, որ ո՛չ էլեկտրամատակարար, ո՛չ գազամատակարար ընկերություններից սակագնի վերանայման հայտ դեռ չեն ստացել:
Ըստ հանձնաժողովի նախագահի, այսօր էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հարցում ամենականխորոշիչ դերն ունի էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռը. «Եթե մենք 2021 թվականին ունեցանք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, դա պայմանավորված կլինի նրանով, որ ՀԱԷԿ-ը սովորականից շատ ավելի երկար է կանգնել, ինչը պայմանավորված էր նրա շահագործման ժամկետի երկարաձգմամբ: Ըստ նրա, ՀԱԷԿ-ը երկրի էլեկտրաէներգետիկական համակարգին միացվել է նախատեսված ժամկետից ավելի ուշ, ինչը համակարգում լրացուցիչ վնասներ առաջացրեց. «Սակայն ամռանը գրանցվեցին դրական շատ գործոններ, որոնք փոխհատուցում են այդ կորուստները»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ