Հայաստանում լեհական Our Beat of Culture Foundation-ի եւ «Ոսկե ծիրանի» հետ համագործակցությամբ կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»: Նախագծի շրջանակում նախատեսված են վարպետության դասեր, կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդես, գրքի շնորհանդես, դասական երաժշտության համերգ։
«Մեզ համար շատ հաճելի է արդեն երրորդ անգամ համագործակցել Our Beat of Culture Foundation նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցի հետ»,-թեմայի վերաբերյալ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
Ագնեշկա Լաբենցի խոսքով, իր համար մեծ պատիվ է երրորդ տարին անընդմեջ իրականացնել «Հայաստանում Լեհաստանի օրեր» նախագիծը: Նա շնորհակալություն հայտնեց հայկական եւ լեհական կողմերի բոլոր կազմակերպություններին՝ աջակցելու համար, ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին՝ համագործակցության համար բաց լինելու առումով: «Այս տարի ավելի լայն մասշտաբով ենք կազմակերպում «Լեհական մշակույթի օրերը»: Ծրագրում կա երեք ֆիլմ, երեք ցուցահանդես: Կլինեն դասախոսություններ, սեմինարներ աշակերտների եւ ուսանողների համար, ինչպես նաեւ եզրափակիչ գալահամերգ»,-ասաց տիկին Լաբենցը:
Հավելեց, որ շուտով Հայաստան կժամանի «Մաթեմատիկոսի արկածները» ֆիլմի գլխավոր դերակատար Ֆիլիպ Թլոկինսկին: Նա նշեց, որ Լեհական մշակույթի օրերը կմեկնարկեն Կոմիտաս թանգարան ինստիտուտից ՝ հոկտեմբերի 21-ին: Կկայանա երեխաների համար նախատեսված աշխատարան՝ լեհական պատմության և մշակույթի վերաբերյալ։ Ագնեշկա Լաբենցի ձեւակերպմամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի ղեկավարությունը բավականին հյուրընկալ է: Հոկտեմբերի 22-ին աշխատարաններ կանցկացվեն Բրյուսովի անվան պետական համալսարանում, նույն օրը Հայաստանի պատմության թանգարանում կբացվի, «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդես։
Կարդացեք նաև
Նշվեց, որ հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Մաթեմատիկոսի արկածները» ֆիլմը, որին կհաջորդի հարց ու պատասխան՝ Ֆիլիպ Թլոկինսկու մասնակցությամբ: Հոկտեմբերի 25-ին նույն վայրում կցուցադրվի «Ժեյա» ֆիլմը, իսկ հաջորդ օրը՝ «Օրեր և գիշերները»։ Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը» խորագրով ցուցահանդեսը։ «Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալահամերգը կանցկացվի հոկտեմբերի 30-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչի և Ռոշկո եղբայրների համերգին կհնչեն Կարոլ Լիպինսկու և Վոյչեխ Կիլարի ստեղծագործությունները։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Ոսկե ծիրանի» ֆեյսբուքյան էջից