Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. Մենք հիմա գտնվում ենք Ղարաբաղյան ազատագրական շարժման սկզբնական փուլի իրավիճակում․ «Ապառաժ»

Հոկտեմբեր 20,2021 11:35

ԱՀ Ազգային Ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ «Ապառաժ»-ի հարցազրույցն անցած տարվա պատերազմի, հնարավոր բացթողումների, Արցախի ներքաղաքական իրավիճակի ու ապագայի տեսլականի մասին է:

—Պարոն Ղուլյան, անցած տարի այս օրերին Արցախում պատերազմ էր: Ձեր կարծիքով, կարելի՞ էր խուսափել պատերազմական գործողությունների բռնկումից և ինչպե՞ս:

-Անցած տարվա այս օրերը մեր նորագույն պատմության մեջ ընդմիշտ հիշվելու են որպես ամենադժնդակ ժամանակներ, երբ մեզ պարտադրված երրորդ պատերազմի արդյունքում ամեն ինչ քանդվեց ու կորսվեց. 30 տարիների մեր աշխատանքը՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, միջազգային հարաբերությունների, սոցիալական և այլ ուղղություններով ռեսուրսների կուտակման նպատակով, 44 օրվա ընթացքում զրոյացվեց: Պետական հաստատությունների գործունեության և անվտանգային միջավայրի ընկալման տեսանկյունից մենք հիմա գտնվում ենք Ղարաբաղյան ազատագրական շարժման սկզբնական փուլի՝ 1988-1991թթ. իրավիճակում, երբ ամենուր անորոշություն էր: Բայց սկզբունքային տարբերություն կա մեր ներկա կացության և այդ ժամանակահատվածի միջև. 88 թվականից մեր ժողովուրդը համախմբված էր ավելի, քան երբևէ, ու նպատակադրված՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու և Արցախի ազատությանը հասնելու:

Կարելի՞ էր արդյոք խուսափել պատերազմից իհարկե՝ այո՛, որովհետև նախորդ գոնե տասը տարիներին դա հաջողվել է: Ամեն ինչ համեմատության մեջ է տեսանելի. մենք միշտ էլ պատերազմի վերսկսման վտանգ ունեցել ենք, բայց թշնամին ավելի զգուշավոր է եղել, նրանից ավելի լավ մեր ուժեղ ու թույլ կողմերը հաշվարկող դժվար թե գտնվի: Ամենաթարմ օրինակը 2016թ. Ապրիլյան պատերազմն էր և մեր կամքի ցուցադրությունն այդ օրերին: Մի առիթով ասել եմ, ապրիլի 2-ի երեկոյան Ստեփանակերտի հրապարակում 2 հազար զինված ու պատրաստ երկրապահներ էին կանգնած՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, իսկ 2020թ. հոկտեմբերի սկզբներին տներից սաղավարտ ու բաճկոն հավաքելու վիճակում էինք, ֆիդայական խմբեր ձևավորելու կոչեր էին հնչում: Տևական ժամանակ մենք քայլել ենք ածելիի սայրի վրա, բայց այդ տարիներին մեզ հաջողվել է Արցախի դեմ պատերազմ սկսելու գաղափարի հետ Ադրբեջանին մենակ թողնել, խափանել այդ հարցում միջազգային աջակցություն ստանալու նրա ջանքերը:

—Ինչպե՞ս եք գնահատում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության գործունեությունը պատերազմի օրերին, արդյո՞ք պետական ապարատը կարողացավ համարժեք արձագանքել տիրող իրավիճակին:

-Իմ գնահատականը չի կարող տարբերվել հանրային կարծիքում այսօր տիրապետող տեսակետից. մեր պետական կառավարման համակարգը պատրաստ չէր այս կարգի պատերազմի: Հավանաբար պետական և ոչ պետական բազմաթիվ օղակներ հերոսական աշխատանք են տարել նվազագույն կենսապայմաններ ապահովելու համար, մասնավորապես՝ էներգետիկիները, կոմունալ և այլ ծառայությունների աշխատակիցները: Գուցե ամենասկզբում պետք էր ասել հենց մեր բանակի առանձին ստորաբաժանումների կամ առանձին նվիրյալների մասին, որոնց հերոսությունների մասին մենք ամենայն հավանականությամբ չենք էլ իմանա: Բայց 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում մենք միայն ճիշտ, իսկ գուցե ավելի տեղին կլիներ ասել՝ ճգրիտ ռազմավարական պլանավորում իրականացնելու դեպքում կարող էինք հաջողությամբ դիմակայել մեր դեմ ելած ոսոխին:

Դուրս եկեք փողոց և հարցրեք ռազմական արվեստի ու ռազմավարության մասին, և կհամոզվեք, որ երեք հոգուց մեկը ձեզ անպայման կբացատրի դրանց կարևորությունը, ավելին՝ օրինակներ կբերեն Սուն-Ցզիից, Կլաուզևիցից, բայց տեսական գիտելիքները բավարար չեն մեր ժամանակներում: Եվ Արցախում և ՀՀ-ում վերջին պատերազմի ընթացքում չաշխատեց ռազմավարական միտքը, իսկ դա նշանակում է պետական կառավարման համակարգում հստակ գործառույթների, աշխատակարգերի բացակայություն և ոչ ճիշտ դերաբաժանում: Խոսքն ամենևին էլ պաշտպանական համակարգի ռազմավարության մասին չէ: Այդ բնագավառներում, համոզված եմ, կգտնվեն շատ ավելի տեղեկացված մասնագետներ, որոնք կբացատրեն այդ ուղղությամբ մեր թերացումների պատճառները: Իմ պնդումը վերաբերում է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգության համակարգում վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած արմատական փոփոխություններին և այդ ամենին համարժեք արձագանքելու նպատակով չձեռնարկված քայլերին: Որպեսզի հասկանալի լինի, նորից համեմատություն բերեմ. եթե Ադրբեջանն իր սեփական ուժերը գնահատելով օգնության է կանչում Թուրքիային և դիմում ոչ պոպուլյար՝ ահաբեկիչներին ներգրավելու մեթոդների, ապա ի՞նչ ենք ձեռնարկում մենք այդ ընդլայնված ու ծայրահեղական ճակատին դիմակայելու համար:

—Ձեր էջի հրապարակումներից մեկում նշել էիք, որ պարտությունից կարելի էր խուսափել, եթե հայությունը մասնատված չլիներ: Արդյո՞ք դա էր պարտության հիմնական պատճառը:

-Պարտության պատճառները միատիպ չեն: Հանրահայտ ճշմարտություն է, որ պատերազմները վարում են պետությունները, իսկ բանակը, ռազմական ուժը՝ հակազդող ուժի միայն երևացող կողմն է: Բոլոր նախորդ տարիներին Արցախի կերպարն ամենուր, նույնիսկ մեր հակառակորդների կողմից, ներկայացվում էր որպես աշխարհասփյուռ հայության կողմից համակողմանի պաշտպանության ու հոգածության տակ գտնվող տարածք և հանրություն: Այլ կերպ հնարավոր էլ չէր պատկերացնել. բնակչության քանակով, պաշարներով և մյուս բոլոր պարամետրերով Արցախն ու Ադրբեջանը համեմատելի միավորներ չեն, բայց նույն Ադրբեջանը լավ էլ հասկանում էր, որ Արցախն այն առանցքն էր, որի շուրջ համախմբված են համայն աշխարհի հայերը, էլ չեմ ասում ճանաչված Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պաշտպանության հանգամանքի մասին:

2018 թվականից միտումնավոր, թե միամտությամբ ամեն ինչ արվել է, որ այդ նույն հայության ներսում բաժանարար գծերն ավելի ամրապնդվեն և նոր գծեր քաշվեն: 2020թ. սեպտեմբերի 27-ի նախօրյակին մենք հայության բոլոր հատվածներում ունեցել ենք մի քանի իրարամերժ, իրար հանդեպ թշնամացած հանրային շերտեր: Նման վիճակում պատերազմներ չեն հաղթում: Այդ մասին էի գրել:

 

Հարցազրույցը՝ Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ապառաժ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031