Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի ճեմասրահում բացված «Մենք կվերադառնանք» վերտառությամբ ցուցահանդեսում այցելուներին ներկայացված բացառիկ ցուցանմուշները պատմում են 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից գրավված տարածքներում զանգվածաբար ոչնչացվող հոգեւոր եւ պատմամշակութային հուշարձանների մասին:
Հանրահռչակելով հայկական քրիստոնեական արժեքները՝ ցուցահանդեսի նախաձեռնողները համոզված են, որ «արդարությունը վերականգնվելու է, եւ տանտերերի հետ այդ բացառիկ ցուցանմուշները վերադառնալու են հայրենի ծննդավայրեր»: Այդ կարծիքին է եւ այս օրերին գիտական ուսումնասիրություններ կատարելու, իրենց առաքելությունն Արցախում իրականացնող խաղաղապահներին քաջալերելու նպատակով Ստեփանակերտ ժամանած ռուս հայտնի ճարտարապետ Նիկիտա Շանգինը, որը երրորդ անգամ է այցելում արցախցի բարեկամներին: Նա այն մտավորականներից է, ով Արցախի դեմ պատերազմի լուրն առնելով, իր բողոքի ձայնն է բարձրացրել հանրության շրջանում ու գիտական հրապարակումներում դատապարտել ադրբեջանցիների կողմից իրականացվող հանցագործությունները, պահանջել վերջ տալ վանդալիզմին եւ հայատյաց քաղաքականությանը:
«Այն, ինչ տեսա եւ զգացի, մարդկային բանականության տիրույթում չի տեղավորվում,- ասում է նա:- Կատարվածը մշակութային ցեղասպանություն է եւ անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործություններն է հիշեցնում՝ միջնադարյան ձեռագրով»:
Ճարտարապետը, կիսելով շրջագայության ժամանակ ստացած իր տպավորությունները, մի կողմից ոգեւորությունը չթաքցրեց, որ պատերազմից հետո լայն շինարարություն է իրականացվում Արցախում, եւ աստիճանաբար վերացվում են ավերածությունները, մյուս կողմից էլ չշրջանցեց այն իրողությունը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային կոթողները վտանգված են ու գազանաբար ոչնչացվում են: Որպես օրինակ՝ նա արձանագրեց բերդաքաղաք Շուշիում եկեղեցիների եւ պատմամշակութային մյուս հուշարձանների ավերման ու պղծման փաստերը, Հադրութի կենտրոնում Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ մզկիթի «հիմնարկեքի» արարողությունը, որը «ցինիզմի կատարյալ դրսեւորում է Ալիեւի կողմից»:
Կարդացեք նաև
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում