«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որ ընտրությունների օրը Գորիսում էր, երեկ իրենց դաշինքին ու առաջնորդին ուղղված քննադատություններին ի պատասխան հայտարարեց․ «Նախ՝ չմոռանանք, որ Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, այսինքն՝ դաշինքի մաս է կազմում, եւ չես կարող ասել, որ դաշինքի հետ կապ չունի։
Բացի այդ, եկեք համեմատենք հունիսի 20-ի եւ կիրակի օրվա ընտրությունների մասնակցության ցուցանիշը․ ակնհայտ է, որ խորհրդարանականին մասնակցությունը շատ ավելի մեծ է, ուստի եթե այդ թվից հանում ենք շրջիկ քվեարկողներին, որոնց պտտեցնում էր իշխանությունը, կամ զորքին, ապա պատկերը կլինի մոտավորապես նույնը, ինչ հիմա է արձանագրվում»։
Պատգամավորը շեշտեց, որ այլեւս փաստ է, որ ե՛ւ բանակն է քվեարկել իշխանության օգտին, ե՛ւ շրջիկ խմբեր են ունեցել։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գյումրիում եւ Մեղրիում ՔՊ-ն եւս պարտվել է․ «Բալասանյանը մեր դաշինքի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի, Մեղրիի թեկնածուն էլ Քոչարյանի հետ, մեղմ ասած, կապ չունի։ Փաշինյանը խոստումներ է տվել եւ այդ խոստումներից բառացիորեն մի քանի օր հետո հրաժարվել է։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ես իրեն հարց տվեցի, ասացի` ձեր նախընտրական ծրագրում Արցախի դեօկուպացիայի թեզ կար, ինչո՞ւ կառավարության ծրագրում չկա դա։ Մարդը բառացիորեն ասաց, որ դա եղել է նախընտրական ծրագիր, իսկ սա կառավարության ծրագիր է։ Այսինքն՝ մարդը կարող է ընտրությունների ժամանակ խոստումներ տալ, հետո խախտել, տասնյակ հազարավոր մարդիկ դա տեսնում են, չէ՞»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում