«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանցից մի քանիսն ահազանգել են «Հանուն Ազատության» հասարակական կազմակերպությանը՝ նշելով, որ մի քանի օր է, 38-39 աստիճան տաքություն ունեն, բայց անտարբերության են մատնվել։ «1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի դատապարտված ու կալանավորված մոտ 20 անձ այդ վիճակում է, 10 օրից ավելին է։ Եկան՝ ջերմություն չափեցին, թեսթ արեցին՝ հինգ րոպեում պատասխանն ասացին, որ բացասական է։ Միայն ջերմություն իջեցնող հաբեր տվեցին։ Գոնե դեղորայքային բուժում չնշանակեցին, »,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության փոխնախագահ Բաբկեն Ղարդյանը։
Ցմահ դատապարտյալներից մեկը նշել է, որ չունի համի ու հոտի զգացողություն։
Aravot.am-ը փորձեց կապ հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Կենտրոնի միակ հեռախոսահամարը կամ չի գործում, կամ էլ այնքան շատ են զանգահարողները, որ չի լինում զանգել։ Aravot.am-ը պատրաստ է ներկայացնելու «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի պատասխանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ