Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ՀՀ շահն ու ԼՂ ղեկավարության դիրքորոշումը, եւ ի՞նչ ակնկալել Սփյուռքից

Հոկտեմբեր 20,2021 14:00

Շարունակե՞լ միջազգային քարոզչությունը Ցեղասպանության ճանաչման համար, թե՞ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի շահը

Ո՞րն է Ղարաբաղի ղեկավարության դիրքորոշումը
Ղարաբաղի ղեկավարները հստակ դիրքորոշում են որդեգրել.

Ա. Նրանք չեն ընդունի որեւէ կարգավիճակ, որը նրանց որեւէ ձեւով դնի Ադրբեջանի ինքնիշխանության տակ։ Ոչ մի հայ չի ապրի Ադրբեջանի տիրապետության ներքո, պնդում են նրանք, որովհետեւ Ադրբեջանը ռասիստական ու հակահայ պետություն է։

Բ. Ղարաբաղն այժմ ապավինում է Ռուսաստանին՝ որպես իր անվտանգության երաշխավորի:

Գ. Ղարաբաղը կընդունի որեւէ լուծում, որն ապահովի Ռուսաստանի շարունակական պաշտպանությունը։
Այնպես է թվում, որ Ղարաբաղի իշխանությունները չեն ունեցել եւ մտադիր չեն ունենալու երկրորդ, այլընտրանքային մի լուծման ծրագիր՝ այն պարագայի համար, երբ ռուսական խաղաղապահ բանակը դուրս գա այդ տարածքից։

Սփյուռք
Հայկական սփյուռքը, որը համարվում է հայ ժողովրդի երեք բաղադրիչ մասերից մեկը, իրականում իրենից շատ սփյուռքներ է ներկայացնում՝ իր աշխարհագրության, ենթամշակույթների, հետաքրքրության մակարդակների եւ Հայաստանի ու Ղարաբաղի առնչությամբ քաղաքական վերաբերմունքի ու հավակնությունների առումներով: Հայկական քաղաքականության եւ ռազմավարության մեջ, սակայն, նրան սովորաբար վերաբերվել են որպես միաձույլ միավորի: Նրան նաեւ վերագրվել են բազմազան դերեր՝ կախարդական փրկչից մինչեւ շահախնդիր մեջընկնողի (interloper), արեւմտյան մեթոդներն ու մտքի հզորությունը Հայաստան բերելու միջնորդ մեխանիզմից մինչեւ «կթան կովի»: 1988 թ. երկրաշարժից ի վեր Սփյուռքն արժեքավոր օգնություն է ցուցաբերել կյանքի բազմաթիվ ոլորտներում եւ խոշոր ներդրումներ է կատարել վերջին պատերազմի ընթացքում, հիմնականում՝ ֆինանսական օգնության տեսքով: Եւ սակայն նրա լոբբիստական ջանքերը չեն կարողացել պատերազմից առաջ որեւէ երկրի համոզել՝ ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, կամ պատերազմի ընթացքում՝ դադարեցնելու թուրք-ադրբեջանական հարձակումը եւ հայկական կողմին որեւէ շոշափելի օգնություն ցուցաբերելու:

Մասնակիցները Սփյուռքի հետագա դերը ներկայացրել են կարծիքների լայն շրջանակով՝ ոմանք մեծ հույսեր կապելով դրա հետ, ոմանք էլ կասկած հայտնելով մեծ փոփոխություն մտցնելու նրա ունակության վերաբերյալ, առնվազն Ղարաբաղյան խնդրի կապակցությամբ:
Այսպիսով, որոշ մասնակիցներ պնդում են, որ Սփյուռքը.

Ա. Պետք է ժողովի իր ողջ եռանդը, ամեն ջանք գործադրի՝ առավելագույնի հասցնելու համար իր ռեսուրսների գործածությունը, ինչպիսիք են՝ նոու-հաուն, տարբեր ոլորտների փորձը, ֆինանսները եւ մտավոր ներդրումը՝ օգնելու համար, որ Հայաստանն ու Ղարաբաղը ուշքի գան իրենց կրած կորստից:

Բ. Պետք է կենտրոնանա Հայաստանի եւ Ղարաբաղի համար լոբբինգ անելու ուղղությամբ, այդ թվում՝ ձգտի հասնելու Ադրբեջանի եւ նրա առաջնորդի դեմ պատժամիջոցների, լոբբինգ անի Ադրբեջանին եւ Թուրքիային զենք վաճառելու դեմ եւ շեշտադրում կատարի հայկական մշակույթի եւրոպական արմատների վրա:

Սակայն ուրիշներն զգուշացնում են, որ Սփյուռքը.
Գ. Չպետք է ակնկալի, որ Փրկիչ է լինելու: Ամեն անգամ, երբ հայերը ձախողում են ունեցել կամ նոր կառավարություն են կազմել, անցել են այս գործընթացով. Սփյուռքից ավելին են ակնկալել, քան նա կարող է տալ։

Դ. Ինքնաքննադատության չի դիմել՝ հասկանալու համար, թե ինչու իր ներուժին համապատասխան ներդրում չի կատարել: Առանձին անհատների կողմից եղել են վերլուծություններ, եղել են նաեւ ողբասացություններ: Սակայն Սփյուռքը կենտրոնացված բանավեճի համար չի կազմավորված եւ չի ստեղծել մի ատյան, որտեղ հնարավոր լիներ դա անել: Սփյուռքի կազմակերպություններն ու հաստատությունները նպատակաուղղված կերպով բացառում են քննադատության ու հաշվետվողականության մեխանիզմները: Նրանք գործում են իրենց իսկ ինստիտուցիոնալ շահերից ելնելով, այլ ոչ թե սահմանելով ու ենթարկվելով գերակա ազգային ու պետական շահերի։

Ե. Սփյուռքի կազմակերպություններն աջակցել են Հայաստանում ազգայնական եւ առավելապաշտական պատումին ու քաղաքական ծրագրին: Այդպիսով նրանք խոտորել են քաղաքական բանավեճը եւ դժվարացրել հակամարտության փոխզիջումային լուծումը:

Ցեղասպանության ճանաչման հարցը
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը երկար ժամանակ Հայաստանի պետության ու ժողովրդի օրակարգում է: Պետության դեպքում այդ արշավին նպաստել է 1990 թ. Անկախության հռչակագրի հոդվածներից մեկը: Սփյուռքի համար այդ հարցը 1970-ական թվականներից ի վեր եղել է քաղաքական եւ այլ կազմակերպությունների օրակարգի առաջին կետը:

Այդուամենայնիվ, Ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը միեւնույն նշանակությունը չի ունեցել շահագրգիռ բոլոր կողմերի համար: Ոմանց համար դա ունեցել է խորհրդանշական արժեք՝ որպես ազգի պատմությունը վավերացնելու մի քայլ, ծառայել որպես անմարդկային արարքի արձանագրություն՝ մարդկության տարեգրության մեջ:

Ուրիշների համար այն քաղաքական նշանակություն է ձեռք բերել երկու ճանապարհով.
Ա. Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կդառնա իրավական եւ քաղաքական այն հիմքը, որի հիման վրա պետք է փոխհատուցման պահանջներ ներկայացվեն այդ երկրին, ներառյալ տարածքային պահանջները։
Բ. Թուրքիայի կողմից ճանաչման մերժումը բնութագրվել է որպես հավաստի նշան այն բանի, որ Թուրքիան ցանկանում է եւ իրականում մտադիր է նոր ցեղասպանություն իրագործել հայ ժողովրդի դեմ, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ այդպիսով հարցը տեղափոխելով հանրապետության անվտանգության ոլորտ:

Հայաստանի իրարահաջորդ կառավարությունները ձգտել են Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման՝ պնդելով, որ նման կարգավորումը կդառնա Թուրքիայի ներկայացրած որեւէ սպառնալիքի նվազեցման ամենաարդյունավետ գործիքներից մեկը: Սփյուռքը եւ Հայաստանում գտնվող որոշ քաղաքական խմբեր շարունակել են պահանջել, որ կարգավորումը կապվի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ, եւ անկախությունից ի վեր արել են ամեն բան, ինչ կարող էին՝ ապահովելու համար Հայաստանի կառավարությունների քաղաքականության ձախողումը:

Որքան էլ Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունները հաստատակամ էին Ցեղասպանությունը ժխտելու գործում, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման խոչընդոտը նրանց համար Ղարաբաղյան հակամարտության չլուծվելն էր: Վերջին պատերազմի ավարտից եւ Ղարաբաղից Հայաստանի ուժերի դուրսբերումից ի վեր՝ Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է սկսելու հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը: Սակայն Թուրքիայի գործուն եւ նշանակալի մասնակցությունն այդ պատերազմին Հայաստանի համար դժվարացրել է Թուրքիայի առաջարկի ընդունումը՝ առնվազն շատ մոտ ապագայում:

Հետեւաբար, Ցեղասպանության ճանաչման հարցը շարունակում է մնալ Հայաստանի ներքին քաղաքականության մասը եւ կարեւոր՝ Սփյուռքի հետ նրա հարաբերությունների համար. մինչդեռ դրա համար տարվող միջազգային քարոզարշավը ենթարկվում է մանրազնին քննության: Որպես այդպիսին, այն առաջացրել է մասնակիցների իրարամերժ պատասխաններ:

Մի խմբի կարծիքով՝ Հայաստանը պետք է.
Ա. Շարունակի միջազգային քարոզչությունը Ցեղասպանության ճանաչման համար,

Բ. Խրախուսի լուրջ ակադեմիական աշխատանքը, ավելի շատ գիտնականների ու մտավորականների ներգրավի Թուրքիայից եւ մեծացնի ճնշումը Թուրքիայի վրա,

Գ. Ավելի շատ ուսանողներ ուղարկի արտերկիր՝ Ցեղասպանության հետագա ուսումնասիրությունն ու հետազոտությունը բարձրագույն կրթության մակարդակով իրականացնելու համար:

Մինչդեռ այլ մասնակիցներ զգուշացնում են.
Դ. Ցեղասպանության ճանաչումը չպետք է շփոթել Հայաստանի զարգացմանն ու հաջողությանն ուղղված ընդհանուր աջակցության հետ: Որեւէ երկրի կամ քաղաքական գործչի կողմից Ցեղասպանության ճանաչումը չի նշանակում այլ հարցերում աջակցություն Հայաստանի դիրքորոշմանը։

Ե. Ցեղասպանության ճանաչման արշավը կարող է խոչընդոտ դառնալ, որ Հայաստանն իր շահերը հետապնդի բոլոր մյուս նկատառումներից վեր. շահեր, որոնց մեջ է մտնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը:

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
19.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031