Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողական քննությունը դարձել է քրեական հետապնդման մի նոր ենթամշակույթ

Հոկտեմբեր 20,2021 13:30

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է օրինականության սկզբունքը, համաձայն որի՝ «Վարչական մարմինները պարտավոր են հետեւել օրենքների պահպանմանը»:

Վարչական դատարանում աճել է աշխատանքից ազատելու ապօրինի հրամանները վիճարկելու մասին գործերի թիվը: Մի կողմ թողնենք այն, որ հրամանների մի որոշ մասը կապված է սոցիալական հարթակներում արված հրապարակումներին: Դա առանձին քննարկման եւ վիճակագրության թեմա է: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համատեքստում (Օրենքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել համոզմունքները կամ տեսակետները»-Ռ.Մ.): Ասել է, թե օրենքը սահմանել է աշխատանքային իրավահարաբերություններում գործատուի կողմից աշխատողի արտահայտած համոզմունքների կամ տեսակետների համար աշխատանքային պայմանագրի լուծման արգելքը՝ այն համարելով որպես ապօրինի գործողություն։ Վարչական դատարանը նմանօրինակ գործերով կայացրած որոշումներում հաճախ վկայակոչում է իր 29.09.2020թ. վճիռը: Այնտեղ անդրադարձ կա հայցվորի՝ «ֆեյսբուք» սոցիալական կայքում արված որոշակի դիրք զբաղեցնող օգտատիրոջ արտահայտությունների իրավաչափությանը: Դատարանն այդ գործով արձանագրել էր. «Վիճարկվող հրամանի համար հիմք հանդիսացած վարույթի նյութերով հաստատվում է այն հանգամանքը, որ Ա. Օ.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում 2018 թվականի՝ համապատասխանաբար հոկտեմբեր եւ սեպտեմբեր ամիսներին կատարել է հետեւյալ գրառումները՝ «ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ոնց միշտ իրենց ոճի մեջ են. Դավաճաններ: ՀՀԿ-ին շատ ամոթ, իրենց կեղտոտությունն այս օրով անելու համար» եւ «Խոսքս ուղղում եմ անասուն վարորդներին, Հարգելի անասուն վարորդներ»:

Դատական մի շարք գործերով խմբագրությունում առկա բողոք-նամակների ուսումնասիրություններից հանգել եմ այն հետեւության, որ որպես կանոն ազատման հրամանների հիմքում դրվում են քաղաքացիական ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական ոչ անաչառ, հաճախ ուղղորդված քննությունների արդյունքները՝ եզրակացությունները: Ծառայողական քննությունը դարձել է քրեական հետապնդման մի նոր ենթատեսակ՝ ենթամշակույթ, որը սովորաբար իրականացնում է այս կամ այն հիմնարկում անհասկանալի մի «Աշխատանքային խումբ»՝ օրենքով չունենալով ծառայողական քննություն իրականացնելու լիազորություն:

Աշխատանքային խմբերը, որպես կանոն, ձայները մեկ արած վկայակոչում են ՀՀ կառավարության 19.07.2018թ. «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» որոշման 13-րդ կետը.

«Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու եւ (կամ) ոչ պատշաճ կատարելու եւ (կամ) ծառայողական լիազորությունները վերազանցելու եւ (կամ) աշխատանքային կարգապահական ներքին կանոնների հետ կապված հարցերի եւ (կամ) քաղաքացիական ծառայողի գործունեությանն առնչվող եւ (կամ) աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրության համար նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է այն անձը (անձինք, կառուցվածքային ստորաբաժանումը, հանձնաժողովը)՝ ում ծառայողական քննություն նշանակելու մասին իրավական ակտով վերապահված է ծառայողական քննություն անցկացնելու գործառույթը»:

Մինչդեռ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման, նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը»։ Հաճախ պարզ չէ, թե ի՞նչ սկզբունքով է որոշվում, թե որ մարմինը պետք է իրականացնի ծառայողական քննությունը:

Քաղաքացիական ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու համար լիազորությունները օրենքով սահմանվել են բացառապես էթիկայի հանձնաժողովի համար: Օրենսդիրն արդեն իսկ սահմանել է նման լիազորություն ունեցող մարմնին, միեւնույն ժամանակ օրենքում բացակայում է դրույթ այն մասին, որ այդ լիազորությունները այլ իրավական ակտով կարող են փոխանցվել մեկ այլ մարմնի՝ ստորաբաժանման, օպերատիվ, աշխատանքային խմբի:

ՀՀ Սահմանադրական դատարանը իր թիվ ՍԴՈ-1360 գործով կարեւորել է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության որոշմամբ չպետք է նախատեսվի նոր սահմանափակում: Ասել է, թե վարչական մարմինը պարտավոր է պահպանել օրենքը, վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին։ Օրենքով ծառայողական քննություն իրականացնելու բացառիկ լիազորությունները վերապահված են բացառապես էթիկայի հանձնաժողովին, ծառայողական քննության ուսումնասիրության առարկան կարող է հանդիսանալ վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումները, որն ընդգրկում է քաղաքացիական ծառայողի ներքին կարգապահական կանոնները:

Նմանատիպ գործերով տարբեր տրամաչափի պաշտոնյանները գտնում են արդարացում, այն է՝ «ծառայողական քննության հիմքը հանդիսացել է ոչ թե քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների խախտումը, այլ՝ աշխատանքային կարգապահական ներքին կանոնների խախտումը, որոնք ոչ մի կերպ չեն կարող նույնականացվել»։ Ո՞րն է սահմանը կարգապահական ներքին կանոնների եւ վարքագծի կանոնների միջեւ…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031