Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սպարտակ» բալետի բեմադրությունների պատմությունից եւ հայ դիրիժորի անվան հետ կապված մեր «հայտնաբերած» իրողությունը

Հոկտեմբեր 20,2021 12:30

Ավելի քան երկու տարի ընդմիջումից հետո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեք օր (հոկտեմբեր 13, 15, 16) կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացումը։ Ընթացիկ տարվա սկզբին այն խաղացանկ վերադարձնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել էր գեղարվեստական խորհրդի նիստ։ Քննարկման արդյունքում որոշում էր ընդունվել վերականգնել «Սպարտակը», որը երկու կարեւոր նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ սա այն բացառիկ ներկայացումն է, որը կարող է համախմբել ողջ թատերախումբը, փորձերի եւ ներկայացումների արդյունքում աշխատանքային լիարժեք մարզավիճակի բերել ստեղծագործական խմբերին։ Իսկ հետպատերազմյան վիճակում անհրաժեշտություն կա այնպիսի մշակութային լայնածավալ միջոցառումների, որոնք կոչված են վերականգնելու բարոյահոգեբանական մթնոլորտը՝ վերադարձնելու հերոսական զգացումներն ու հաղթական ապրումները։ Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, որը ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է եւ տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը մեզ հետ զրույցում էլ նշել էին, թե 2009թ. Երեւանում լեգենդար բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրության վերականգնման նպատակով նախարարության աջակցությամբ Հայաստան են գործուղվել ոչ միայն փորձավարներ, այլեւ խմբեր, որոնք իրականացնում են լուսային տեխնիկայի, բեմի, դեկորացիայի տեղադրման աշխատանքներ։ Ներկայացումներում էլ ընդգրկված են Երեւանի պարարվեստի քոլեջի սաները։

Ժամանակին «Առավոտը» ներկայացրել էր ընդարձակ հարցազրույց Յուրի Գրիգորովիչի հետ, որն ի դեպ հիացած էր հայ արտիստների արվեստով։ Չկրկնվելու համար լրագրողական հետաքննություն ենք անցկացրել «Սպարտակ» բալետի առաջին բեմադրության պրեմիերայից մինչեւ մեր օրերը եւ հայտնաբերել ենք մի հետաքրքիր իրողություն, ինչի մասին համոզված ենք, որ մինչ օրս չի բարձրաձայնվել։ Հիմա ամեն ինչ հերթականությամբ եւ ամենասկզբից.

Առաջին անգամ այս բալետը 1956թ. բեմադրել է Լեոնիդ Յակոբսոնը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, երկրորդ անգամ՝ 1958թ. Իգոր Մոիսեեւը Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում։ Այնուհետեւ 1968թ. դարձյալ «Բոլշոյում» «Սպարտակը» ներկայացվել է այս անգամ Գրիգորովիչի խորոգրաֆիայով։ Տարիները, ավելի ճիշտ տասնամյակները ցույց տվեցին, որ հենց Գրիգորովիչի «Սպարտակն» էր, որ դարձավ այդ բալետի այն լավագույն տարբերակը ոչ միայն ԽՍՀՄ-ում՝ այլեւ արտերկրում։ Նշենք որ Յակոբսոնի բեմադրությունը զգալի ժողովրդականություն է վայելել, բայց թատրոնի ղեկավարությանն ու ստեղծագործության հեղինակին՝ Արամ Խաչատրյանին, ինչ-որ բան, այնուամենայնիվ, չի գոհացրել։ Եվ միայն մի քանի տարի անց Գրիգորովիչի բեմադրությունից հետո Խաչատրյանը հայտարարել է, որ յակոբսոնյան եւ մոիսեեւյան ներկայացումները «կատարել են իրենց պատմական առաքելությունը»։

Արժե նշել, որ դյուրին չի եղել Գրիգորովիչի համար աշխատել բալետային խմբի հետ։ Այս առիթով բալետմայստերը մեզ ասել էր. «Թատերախումբը շփոթված էր, ինչո՞ւ կրկնել մի բան, որ տեղի է ունեցել վերջերս։ Իհարկե, ես չէի պատրաստվում որեւէ բան կրկնել, բայց մի բանում վստահ էի, որ այս բալետը շատ դժվար է բեմում իրականացնել։ Գուցե ֆիլմի տեսքով այն ավելի հեշտ լինի։ Խոսքս երաժշտության մասին չէր։ Դժվարությունը կայանում էր իրադարձություններով ծանրաբեռնված սցենարի մեջ։ Հետեւաբար, իմ «Սպարտակում» անհրաժեշտություն առաջացավ փնտրել, կարելի է ասել, բոլորովին նոր ստեղծագործություն, միասնական դրամատիկ քայլ, որը կազմակերպում էր գործողություն ապստամբության թեմայի շուրջ՝ վճռական եւ կենտրոնական բեմում»։ Բալետմայստերը հավելել էր նաեւ, որ իրենց համատեղ աշխատանքի սկզբում Խաչատրյանը որոշ չափով զգուշավոր էր։ Նա լավ էր հիշում բալետի նախորդ տարբերակների անհաջողությունները։ Իհարկե, այն ժամանակ բալետմայստերը գովեստի խոսքեր չէր խնայել նաեւ երեւանյան բեմադրության երաժշտական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի հասցեին։

Իսկ հիմա մեր խոստացած, «հայտնաբերած» իրողությունը՝ պարզվում է Յուրի Գրիգորովիչի հետ համատեղ «Սպարտակի» երաժշտական ղեկավար եւ դիրիժոր է հանդիսացել Կարեն Դուրգարյանը, ոչ միայն Երեւանում ¥2009թ.), այլեւ Սանկտ Պետերբուրգում, Մյունխենում, Բրյուսելում, Աստանայում, Կազանում, Նովոսիբիրսկում։ Հնարավոր է, որ մեր լրագրողական հետազոտությունից բացի վրիպած լինենք մեկ-երկու այլ քաղաքների թատրոններ եւս, իսկ այս փաստը համոզված ենք, որեւէ մեկնաբանության կարիք չունի, ինչը հայ դիրիժորի տաղանդի եւս մեկ արհավատչյան է։

Խոսենք նաեւ երեւանյան «Սպարտակների» մասին եւս։ Այն առաջին անգամ 1961թ. բեմադրել է Եվգենի Չանգան, դիրիժոր՝ Արամ Քաթանյան։ Վերջինս, տաս տարի անց վերականգնել է ներկայացումը, ապա հայկական բալետի երախտավոր Վիլեն Գալստյանի խմբագրմամբ 1982թ.-ին դարձյալ անդրադարձել այս ստեղծագործությանը։

Թերեւս այսքանը «Սպարտակի» պատմությունից։ Ինչ վերաբերում է ներկայացմանը ընդգրկված նախորդ եւ ներկայիս մենապարողներին, կամ ընդհանրապես կորդեբալետին, մենք նրանց տարբեր առիթներով ներկայացրել ենք։ Վերեւում նշեցիք նաեւ Գրիգորովիչի գնահատականը։

Չենք կարող չփաստել վերջերս կայացած երեք ներկայացումներից հետո հետեւյալ դիտարկումները։ Ներկայացումներն անցան լեփ-լեցուն դահլիճում։ Սա այն դեպքում, երբ թատրոնի նոր տնօրինությունը ընթացիկ թատերաշրջանի սկզբից ¥սեպտեմբերի 16, Խաչատրյանի «Գայանե») հավաստիացրեց եւ փաստորեն պահում է իր խոսքը՝ ոչ մի հրավիրատոմս։ Երկրորդը՝ գուցե խորհրդային տարիներին երեւանյան օպերային եւ բալետային ներկայացումների պրեմիերաներին ներկա են գտնվել հանդիսատեսներ արտերկրներից, բայց «Սպարտակի» ցուցադրությանը անձամբ նկատեցինք, կոնկրետ Մոսկվայից ժամանած հանդիսատեսների։ Հուսով ենք, որ անշլագ ներկայացումները կդառնան «ավանդական» ու կշարունակվեն մեր թատրոնում։ Տեղեկացնենք նաեւ՝ հոկտեմբերի 22, 23-ին կկայանա Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի համերգային կատարումը իտալացի հյուրախաղորդ դիրիժորի ղեկավարությամբ եւ հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 2-ին՝ Վերդիի «Աիդա» օպերան, որի վերականգնման նպատակով հրավիրված է իտալացի ճանաչված դիրիժոր Մարիո Կորադին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031