Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած 2022 թվականի բյուջեի նախագծով գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրով կհատկացվի մոտ 27,88 մլրդ դրամ գումար։ Ընդ որում, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի միջոցով պաշտպանության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական նպատակային հետազոտություններին կուղղվի մոտ 5,23 մլրդ։ 22.65 մլրդ հատկացվելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գիտության կոմիտեի միջոցով իրականացվող գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը։ Բյուջեից դուրս 2,5 մլրդ դրամ էլ նախատեսված է ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Այսպիսով Գիտկոմի ընդհանուր բյուջեն կկազմի 25.15 մլրդ դրամ, իսկ գիտական ծրագրերի ընդհանուր բյուջեն, ներառյալ նպատակային հետազոտությունները՝ 30,38 մլրդ դրամ։
25,15 մլրդ դրամ գումարը 83,5%-ով ավելին է, քան հատկացվել էր 2021թ. համար հաստատված բյուջեով (13.7 մլրդ տարեսկզբին), եւ 60,2%-ով գերազանցում է գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար 2021 թ. հատկացված միջոցների փաստացի ծավալը (15.7 մլրդ փաստացի)։ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի խոսքով, սա գիտության բյուջեի աննախադեպ աճ է։
Բյուջեի աճի շնորհիվ հաջորդ տարի նախատեսված է գիտնականների աշխատավարձի բարձրացում։ Օրինակ, լաբորատորիայի վարիչի բազային աշխատավարձը կկազմի մոտ 350 000 դրամ (չհաշված այն գումարները, որ նա կարող է ստանալ մրցութային ծրագրերից)։
Ըստ Արթուր Մովսիսյանի, գիտության ֆինանսավորման զգալի աճ դիտվում է 2019 թվականից, երբ տարվա վերջում 2020 թվականի բյուջեում ավելացվեց լրացուցիչ 1,5 մլրդ դրամ։ Ընդ որում, զգալիորեն աճում է ոչ թե բազային, այլ մրցութային ծրագրերի ֆինանսավորումը։
Գիտության բյուջեն ավելացվել է նաեւ 2021 թվականի ընթացքում, այնժամ, երբ մյուս ոլորտներում կրճատումներ են եղել։ Ի սկզբանե 2021 թվականին Գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրով հատկացվել էր 13,7 մլրդ դրամ։ Պատերազմի եւ կորոնավիրուսային հիվանդության համավարակի պատճառով կառավարությունը ստիպված էր կրճատումներ անել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, որի ֆինանսավորումը պակասեցվեց մոտ 780 մլն դրամով։ Բայց տարվա կեսից նորից ավելացվեց 2 մլրդ 780 մլն դրամով։ «Փաստացի, շատերից գումարը կրճատվեց եւ ուղղվեց գիտությանը։ Մենք ունեցանք տնտեսական անկում 2020 թվականին, բայց գիտության բյուջեն աճեց։ Սա քաղաքական կամքի դրսեւորում էր», – ասաց Արթուր Մովսիսյանը։
Կարդացեք նաև
2021 թվականին Գիտկոմն իրականացրել է մի շարք կարեւորագույն ծրագրեր, որոնց հաջողությունը թույլ տվեց դիմել կառավարությանը ֆինանսավորման նոր ավելացման համար։ «Այս կառավարությունը մի սկզբունք ունի՝ չի ասում, թե փող չկա։ Ասում է, բերեք ծրագրեր, հիմնավորեք, մենք կգտնենք ֆինանսավորում։ 2022 թվականի համար մենք տարվա սկզբից ծրագիր առ ծրագիր ներկայացրել ենք կառավարությանը եւ հավանություն ստացել, եւ այդ ծրագրերի համար անհրաժեշտ գումարը մտել է 2022 թվականի բյուջե», – ասաց Արթուր Մովսիսյանը։
Այսպիսով, 2021 թվականին արդեն իրականացվել են կամ ընթացքում են հետեւյալ մրցութային ծրագրերը.
1. Ավելացվել է թեմատիկ ֆինանսավորումը։ Սկզբում պլանավորվում էր ֆինանսավորել 170 գիտական թեմա, այնուհետեւ ֆինանսավորում հատկացվեց եւս 50-ի։
2. Կիրառական արդյունքին միտված դրամաշնորհներ։ Այս ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, երկու տարի տեւողությամբ, եւ ընթացիկ տարում նոր մրցույթ չէր նախատեսվում։ Բայց գիտակցելով կիրառական արդյունքի կարեւորությունը, 2021 թվականին եւս մեկ մրցույթ անցկացվեց, իսկ տեւողությունը ավելացվեց 1 տարով։ Այժմ ծրագիրն իրականացվում է 2+1 սխեմայով, որտեղ 2 տարին տրվում է մշակումների համար, իսկ 1 տարին՝ արդյունքի առեւտրայնացման։ Առեւտրայնացումը կիրականացվի էկոնոմիկայի նախարարության կազմում ստեղծվող Տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի միջոցով։
3. Երկակի նշանակության հետազոտություններ։ Կրկին անցյալ տարի հայտարարվել էր մրցույթ երկու տարի ժամկետով, եւ այս տարի այն չպետք է լիներ։ Բայց, հաշվի առնելով ռազմական արդյունաբերության կարիքները, որոշում կայացվեց կրկնել մրցույթը։ Այն անցկացվում է Ռազմարդյունաբերական կոմիտեի հետ համատեղ։ Գիտկոմը գնահատում է ծրագրերի գիտական մասը, Ռազմարդյունաբերական կոմիտեն՝ առաջնահերթությունը։
4. Գիտական խմբերի ստեղծման եւ ամրապնդման ծրագիր։ 2020 թվականին Գիտկոմն իրականացրել էր երկու ծրագիր՝ գիտական խմբերի մեկնարկի եւ գիտական խմբերի ամրապնդման։ Առաջինին կարող էին մասնակցել 2-7 տարի առաջ գիտական թեզը պաշտպանած երիտասարդ գիտնականներ, երկրորդին՝ 7-12 տարի առաջ գիտական աստիճան ստացածները։ Այս դրամաշնորհային ծրագրերը կազմվել են ԵՄ «Հորիզոն 2020» խոշորագույն ծրագրի մաս կազմող European Research counsil (ERC) դրամաշնորհների օրինակով։ Այսպիսով, տեղական մրցույթին մասնակցելով, հայ գիտնականները հմտություններ են ձեռք բերում նաեւ արտասահմանյան դրամաշնորհներին հայտ ներկայացնելու համար։
Այս երկու ծրագրերը, սակայն, դուրս թողեցին մինչեւ 40 տարեկան գիտնականների մի շերտ, ովքեր նշված ժամկետներից ավելի վաղ էին պաշտպանել գիտական թեզը։ Արթուր Մովսիսյանի խոսքով, այս անարդարությունն առաջացել էր այն պատճառով, որ այսպիսի ծրագիր ժամանակին, ավելի վաղ, չէր իրականացվել։ Հայտարարվեց նոր մրցույթ մինչեւ 40 տարեկան այն գիտնականների համար, որոնք համապատասխանում են առաջատար հետազոտողի (Principal investigator, PI) միջազգային չափանիշներին։ Այսպիսով, ընթացիկ տարում եւս 16 խումբ ֆինանսավորում ստացավ, անցյալ տարի այդ խմբերի թիվը 19-ն էր։ Սրանից հետո մրցույթը կանցկացվի երեք տարին մեկ պարբերականությամբ, ինչը կապահովի երիտասարդների առաջխաղացման եւ նոր խմբերի ձեւավորման շարունակականությունը։
5. Առաջատար հետազոտությունների ծրագիր, որն ուղղված է վերջին 10 տարում լավ ակադեմիական հետագիծ ունեցող գիտնականների աջակցմանը։ Սա Գիտկոմի պատմության մեջ աննախադեպ ծրագիր է, որի 5 տարվա ֆինանսավորման գումարը կազմում է 156 մլն դրամ (˜˜$323 000): Խմբի ղեկավարի աշխատավարձը կարող է լինել 500000 դրամի կարգի, անդամների միջին աշխատավարձը՝ 300000 դրամի։ Գիտական խումբը կարող է լինել 6-7 հոգանոց, որից նվազագույնը երկուսը պետք է լինեն երիտասարդ գիտնականներ։ Եվս երկու երիտասարդ, մագիստրատուրայի ուսանողներ, կարող են ներառվել խմբի մեջ ծրագրի իրականացման երկրորդ եւ հաջորդ տարիներին, եւ դրա համար խմբին լրացուցիչ գումար կհատկացվի։ Սա արվում է այն տրամաբանությամբ, որպեսզի տեղի ունենա գիտելիքի տրանսֆեր։ Այս ծրագրի գրեթե բոլոր փորձաքննությունները կատարվել են արտերկրում։
6. 2020 թվականից ամբողջությամբ փոխվել է ասպիրանտների եւ երիտասարդ հայցվորների ծրագիրը։ Այժմ ասպիրանտը իր 60 000 դրամ կրթաթոշակից բացի ստանում է ամսեկան 150 000 դրամ աշխատավարձ (3 տարի)։ Իր ղեկավարը ստանում է հավելյալ 50 000 դրամ, գումարած այլ ծախսեր, որպեսզի ասպիրանտը «բեռ» չդառնա ինստիտուտի վրա։ Թեպետ նա կարող է եւ ընդունվել ինստիտուտ որպես գիտաշխատող, եւ եւս երկու մրցութային ծրագրերի մասնակցել։ Այդ դեպքում իր եկամուտները կհավասարվեն ՏՏ ոլորտի սկսնակ աշխատողի եկամուտներին։ Այս ծրագրի նպատակներից մեկն է կանխել երիտասարդ գիտնականների արտահոսքը, որոնք հիմնականում գնում են ՏՏ ոլորտ։
Ինչպես նշեց Գիտկոմի նախագահի տեղակալը, այս ծրագիրը չունի հայտատուների թվի սահմանափակում, ուղղակի գիտական թեման պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Չնայած դրան, դիմելիությունը այս ծրագրով շատ ցածր է. անցյալ տարի հաստատվել էր 11 ծրագիր, այս տարի եղել է 42 հայտ, ֆինանսավորվել են ընդամենը 29-ը։
Ինչպես տեղեկացրեց Արթուր Մովսիսյանը, 2022 թվականի համար նախատեսված է եւս 4 նոր ծրագիր, որոնք միտված են սփյուռքի ներուժի օգտագործմանը։
1. PHD ծրագրով 6-36-ամսյա ուսուցում արտասահմանում՝ հետվերադարձի պարտադիր պայմանով։ Ուսման վայրը եւ մասնագիտություններն ընտրում է պետությունը։
2. Հետդոկտորական (postdoc) վերապատրաստում արտերկրում։ Կրկին վայրն ու մասնագիտությունները սահմանում է պետությունը, ելնելով իր առաջնահերթություններից։
Դա կարող են լինել այն մասնագիտությունները, որոնց գծով մենք չունենք ավանդական ուժեղ դպրոցներ, օրինակ, հասարակագիտական, կամ նոր գիտական ուղղությունները։
«Ո՞րն է այստեղ սփյուռքի դերը։ Պարզ է, որ առաջինը, ում մոտ ուսանող ենք ուղարկելու, սփյուռքի հայտնի հայազգի գիտնականներն են։ Իրենք չունեն ֆինանսավորում Հայաստանից ուսանողներին իրենց մոտ պահելու համար, բայց եթե Հայաստանը հոգում է այդ հարցը, ապա այդ երիտասարդ գիտնականներն իրենց համար դառնում են լրացուցիչ «աշխատող ձեռք», – պարզաբանեց Արթուր Մովսիսյանը։
3. Remote PI՝ հեռավար ղեկավար. Եթե դրսում ապրող հայ գիտնականը այնպես է արմատավորվել, որ իր Հայաստան տեղափոխվելն արդեն նպատակահարմար չէ, ապա նա կարող է Հայաստանում ստեղծել լաբորատորիա եւ կառավարել այն հեռավար։ Տարեկան դիցուք երկու ամսով Հայաստանում նրա գտնվելը առանձին կֆինանսավորվի։ Մի քանի տարի հետո այդ լաբորատորիան կարող է ինքնուրույն միավոր դառնալ։ Իսկ այդ գիտնականը կարող է մնալ խորհրդատուի կարգավիճակով։
4.Վերաբնակեցման դրամաշնորհ։ Այն միտված է արտերկրից վերադարձող հայ գիտնականների համար ապրելու եւ աշխատելու արժանապատիվ պայմաններ ստեղծելուն։
2022 թվականին, ինչպես տեղեկացրեց Արթուր Մովսիսյանը, կմեկնարկի նաեւ ենթակառուցվածքների արդիականացման եւ Գերազանցության կենտրոնների ստեղծման ծրագիրը։
«Օպտիմալացումը ամենացավոտ հարցն է։ Մինչ այսօր դա նշանակել է փակել ինչ-որ բան, մի երկու բան իրար կպցնել, մի քանի հոգու ազատել աշխատանքից, շենքն էլ օտարել։ Մենք փոխում ենք մոտեցումը։ Միավորումը, կամ գուցեեւ բաժանումը պետք է բխեն տվյալ գիտական ոլորտի զարգացման տրամաբանությունից, եւ դա պետք է որոշեն ոլորտի մասնագետները։ Միավորման դեպքում բոլոր մասնակից ինստիտուտների բյուջեները կպահպանվեն, դրան կավելացվի նաեւ գումարային բյուջեի դիցուք 30 տոկոսը՝ ծրագրի իմպլեմենտացիայի համար», – պարզաբանեց նա։
Այսպիսով կստեղծվեն Գերազանցության կենտրոններ, որոնք կլինեն նաեւ թանկարժեք սարքավորման համատեղ օգտագործման կենտրոններ։ Բայց նախաձեռնությունը պետք է գա ներքեւից, վերեւից պարտադրված որոշումներ չեն լինելու, վստահեցրեց Արթուր Մովսիսյանը։
Նա հավելեց, որ բոլոր մրցութային ծրագրերի համար նախնական պայմաններից բացի դրվել է նաեւ վերջնարդյունքի պահանջ։ Այսինքն, ծրագրի ավարտից հետո գիտական խումբը պետք է ունենա համապատասխան քանակով հոդվածներ համապատասխան որակի գիտական պարբերականներում։ Ասպիրանտներին եւ հայցվորներին ներկայացվող պահանջներն, օրինակ, հետեւյալն են. մեկ տարի անց անգլերենի իմացությունը պետք է լինի TOEFL թեստի 70 բալից ոչ պակաս, երկու տարի հետո նա պետք է ունենա մեկ հոդված, 3 տարի հետո՝ 2 հոդված։
Վերը թվարկված ծրագրերից չորսը Արթուր Մովսիսյանը համարում է համակարգաստեղծ՝ ասպիրանտների եւ երիտասարդ հայցորդների ծրագիրը, նոր գիտական խմբերի ստեղծման եւ ամրապնդման ծրագրերը եւ առաջատար հետազոտությունների ծրագիրը։ Նրա խոսքով, եղած գիտական համակարգի մեջ, որը պետք է խոստովանել, այդքան էլ լավ վիճակում չէ, առանց այն քանդելու ներարկվում են նոր տարրեր, որոնք կառողջացնեն ողջ համակարգը։
Գիտկոմի նախագահի տեղակալը նշեց, որ գիտության ֆինանսավորման հավելումն առայժմ բացարձակ թվով իրենց չի գոհացնում։ «Մենք ձգտում ենք ՀՆԱ/գիտության ֆինանսավորում լրիվ այլ հարաբերակցության, քան հիմա ունենք, բայց կարեւոր են ուղերձները, որոնք գալիս են կառավարությունից, եւ դրանք ճիշտ ուղերձներ են», – ասաց նա։
Ըստ Արթուր Մովսիսյանի, իր մտահոգության հիմնական պատճառը ֆինանսավորման բացարձակ գումարը չէ, այլ այն հարցը, թե արդյոք մենք չենք ուշացել։ Գիտնականների թիվը Հայաստանում բնական ճանապարհով կրճատվում է, բայց տեղը չի լրացվում։ Բուհերի գիտական ֆակուլտետների դիմորդների թիվը տարեցտարի նվազում է։
«Այն ինչ անում ենք, կարծում եմ ճիշտ ենք անում, բայց, գուցե, ուշացել ենք։ Ֆինանսական խնդիրները հեշտ լուծելի են, մենք կարող ենք բախվել խնդիրների, որոնք այլեւս ֆինանսական չեն», – ասաց նա, հավելելով, որ անհրաժեշտ է նաեւ խթանել գիտության քարոզչությունն ու հանրայնացումը։
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.10.2021