Շաբաթներ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագիրը, եւ այդ օրերին տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի պատճառով նիստերի դահլիճում մթնոլորտը բավական շիկացած էր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի շրջանակում հարց ուղղեց գործադիրի ղեկավարին՝ առաջարկելով ամբիոնից ուղղակի հնչեցնել այսպիսի մի կարճ նախադասություն. «Չի կարելի Հադրութն ու Շուշին համարել անվերադառնալիորեն կորսված»: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, խուսափեց նման միտք հայտնելուց եւ, սովորության համաձայն, այդ առաջարկը դասեց իր դեմ նյութվող «դավադրությունների» շարքին: Նա ասաց, որ երբեք չի անի այնպիսի հայտարարություն, որը կարող է վնաս հասցնել Հայաստանի եւ Արցախի շահերին: Հավանաբար՝ դասեր էր քաղել «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ», «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» չարաբաստիկ կարգախոսներից:
Ընդդիմադիր պատգամավորի հարցը, ըստ էության, թեստ էր, որը Փաշինյանը չհանձնեց՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ երկրի ներսում աջ ու ահյակ հոխորտացող, քաղաքական հակառակորդներին հալածող, «մեյըդներ» փռող մեր «դուխով» վարչապետի համարձակությունը չի հերիքում գոնե մեկ անգամ դիմադարձելու Ադրբեջանի նախագահի բազմաթիվ սպառնալիքներին, ստորացումներին, Հայաստանին ու հայերին հասցեագրված վիրավորական հայտարարություններին:
Եվ, ընդհանրապես, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը դրսերում՝ արտաքին քաղաքականության անդաստանում, մի տեսակ խեղճացած է, վախվորած, իսկ ներսում՝ տիրական, խիզախ ու հանդուգն, ինչպես ժողովուրդը կասեր՝ «բոլորի վրա լեզուն երկար»: Միգուցե դա նրանից է, որ ներսում հուսալիորեն պաշտպանված է հազարավոր ոստիկաններով ու անվտանգության աշխատակիցներով, մինչդեռ դրսում չունի այդ հնարավորությունը: Կամ միգուցե հունիսի 20-ին «ժողովուրդը», որի անունը մշտապես մանիպուլացնում է, նրան երկո՞ւ մանդատ է տվել՝ մեկը պողպատե, մյուսը՝ թավշյա. առաջինը երկրի ներսում, երկրորդն՝ արտաքին հարաբերություններում գործածելու պատվիրանով:
Կարդացեք նաև
Ամեն դեպքում տպավորությունն այնպիսին է, որ կա ինչ-որ բան, որը կաշկանդում է ՀՀ բարձրագույն ղեկավարության նպատակամետ, հետեւողական եւ ներդաշնակ գործունեությանը:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականի 33-րդ համարում