Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) ավարտվեցին հոկտեմբերի 18-19-ին անցկացվող Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակընդդեմ հայցի հետ կապված լսումները:
Հայկական կողմի շահերը ներկայացնող Շոն Մըրֆին, պատասխանելով ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հայկական կողմը հատուկ է տեղադրել ականներ, որպեսզի դրանք վնասեն էթնիկ ադրբեջանցիներին, որոնք հենց այդ պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց ծննդավայր, հայտարարեց. «Ականը պայթելիս խտրականություն չի դնում՝ պայթելիս վնասում է էթնիկ կոնկրետ խմբի՞, թե ընդհանրապես վտանգ է ներկայացնում հանրության համար: Այնպես որ, այս դիմումի հիմքում չի կարող ընկած լինել կոնկրետ էթնիկ խմբին վնասելու դիտավորությունը, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը»: Շոն Մըրֆին նաև շեշտեց, ապացուցման բեռն այս դեպքում ընկած է հենց Ադրբեջանի վրա:
Նա նշեց, որ 2020-ի նոյեմբեր, 2021-ի հունիս ամիսների ընթացքում Ականազերծման միջազգային գործակալությունը ականազերծումներ է կատարել նշված բնակավայրերում, որոնց մասին խոսվում է, և նրանց ներկայացրած քարտեզից պարզ է դառնում, որ այդ տարածքների միայն մի փոքր հատվածն է ականապատ, ոչ թե Ադրբեջանի ներկայացրած ձևով, թե իբր Լեռնային Ղարաբաղը շրջապատված է ականներով:
Եզրափակելով պրոֆեսորը վստահեցրեց՝ Ադրբեջանի պահանջները չեն բավարարում միջանկյալ միջոցի կիրառման համար:
Կարդացեք նաև
Հայկական շահերը ներկայացնող պրոֆեսոր Լարի Մարտինն էլ նկատեց՝ Ադրբեջանն այս դիմումը ներկայացնելով հույս ունի, որ դատարանը հավասարության նշան կդնի այս երկու դիմումների միջև և երկու կողմերի վրա հավասար պարտավորություններ կդնի: Նա պնդեց՝ այստեղ որևէ հավասարության նշան դնելու հիմք չկա:
Պրոֆեսոր Մարտինը վստահեցրեց՝ Ադրբեջանն օգտագործում է ապատեղեկատվություն տարածելու հայտնի «what about you» տեխնիկան և կարծես իրենց է հարցնում՝ իսկ ի՞նչ կասեք դուք: Ի պատասխան պրոֆեսորը նշեց. «Պնդումները մերկ են, որևէ բավարար փաստարկ չկա, որի հիման վրա կարելի է միջանկյալ միջոց կիրառել ՀՀ-ի նկատմամբ»:
ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը, եզրափակելով հայկական կողմի հակադարձումները և բանավոր լսումների ընթացքում հնչած ելույթները, Հաագայի դատարանին խնդրեց մերժել Ադրբեջանի դիմումը և չկիրառել միջանկյալ միջոց:
Դատարանի նախագահը հայտարարեց, որ Հաագայի դատարանը որոշում կկայացնի Հայաստանի և Ադրբեջանի դիմումների հետ կապված որքան հնարավոր է շուտ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ