Երեկվանից Գյումրիում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գյումրու ավագանու կազմում երրորդ տեղը զբաղեցնող քաղաքական ուժը՝ «Զարթոնք»-ը կոալիցիա է կազմելու ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Բալասանյան դաշինք»-ի հետ՝ այսպիսով դառնալով մեծամասնություն Գյումրու ավագանու կազմում։
Նշենք, որ նախնական տվյալներով, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը հավաքել է 36,59 տոկոս, «Զարթոնք»-ը՝ 10,6 տոկոս։
Նախնական հաշվարկներով, «Բալասանյան դաշինք»-ը կստանա 14 ձայն, «Զարթոնք»-ը՝ 4 ձայն, ՔՊ-ն՝ 11, «Ապրելու երկիր»-ն ու ՀՀԿ-ն՝ երկուական ձայներ։
Aravot.am-ը «Զարթոնք»-ի քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանին հարցրեց, թե որքանո՞վ են իրական Գյումրիում տարածված խոսակցությունները, թե կոալիցիա են կազմելու «Բալասանյան դաշինք»-ի հետ, այսպիսով դառնալով մեծամասնություն Գյումրու ավագանու կազմը ընդգրկվող մյուս ուժերի նկատմամբ։ Մենք հարցրեցինք դա գյումրեցիների ցանկությու՞ն է, թե՞ կա հիմք այդպես խոսելու։
Կարդացեք նաև
Վարդևան Հակոբյանն ասաց․ «Չենք ուզում շատ հեռանալ ամեն ինչից, բայց իրենք են շատ ձայներ ստացել՝ թե՛ «Բալասանյան դաշինք»-ը, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, միգուցե իրենք իրար հետ կպայմանավորվեն, մենք դեռ չունենք հստակ առաջարկ, որ այդ առումով քննարկենք։ Սա միևնույն ժամանակ թիմային քննարկում է լինելու, որովհետև մենք ամբողջ թիմով ենք աշխատել, և ես գտնում եմ, որ ճիշտ չէ այս պահին նման խոսակցություն լինի, որովհետև չկա նման բան»։
Մեր ճշտող հարցին՝ ուրեմն դա ժողովրդի ցանկությո՞ւնն է, Վարդևան Հակոբյանը պատասխանեց․ «Անկեղծորեն մեզ են գալիս ազդակներ, մարդիկ հետաքրքրվում են, բնական է, մարդիկ ուզում են հասկանալ, տարբեր ձևով են մեկնաբանում, տարբեր ձևով են մտածում, բայց մարդիկ իրոք ուզում են տեսնել աշխատանք, ազնիվ աշխատանք և այդ փոխված գաղափարախոսությամբ աշխատանք»։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե «Զարթոնք»-ը կբացառի՞ կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ։ Նշենք, որ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը Armlur.am-ին տված հարցազրույցում, խոսելով Գյումրու ՏԻՄ ընտրությունների մասին, ասել էր, որ բացառում է ցանկացած տեսակի համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Մենք Վարդևան Հակոբյանին հարցրեցինք, թե ո՞ր ուժի հետ են պատրաստ համագործակցության, կա՞ սահմանափակում, որ ասենք ՔՊ-ի հետ չենք համագործակցում ու վերջ։
«Ես հիմա չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, ես շեշտեցի, որ քաղաքական մարդ չեմ, իմ համար քաղաքի խնդիրն է առաջնային, և ես ինքս այդ սկզբունքով եմ մասնակցել ընտրությունների։ Քաղաքի կառուցման հետ կապված ես պատրաստ եմ բոլորի հետ աշխատել․ դա կլինի կոալիցիա, թե ավագանու առանձին անդամներ, ինչն ազնիվ է , անելու ենք, ինչն անարդար է, մերժելու ենք առաջին իսկ օրվանից, հենց կստանանք մանդատները։ Ես ինքս նախ իմ հետ ներդաշնակ եմ էդ առումով, և հետո ժողովրդին մենք խոստացել ենք, աչքերին նայելու ենք և պետք է նայենք։ Իսկ ամենակարևորը՝ ինչպե՞ս ստանանք մարդկանց վստահությունը, բնական է՝ մեր աշխատանքով, չի լինելու այն, ինչ եղել է, հաստատ իմանա մեր ժողովուրդը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ