Այսօր արդեն 8-րդ անգամ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին չընտրեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Թե ինչքա՞ն պիտի ձգվի այս իրավիճակը՝ Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Ղազինյանը պատասխանեց. «Իշխանությունը պետք է հետքայլ անի, ընդունի իր բաժին պատասխանատվությունը հանձնաժողովի լիարժեք կազմավորման հարցում եւ ընդունի, որ իրենք պետք է քվեարկեն Դոնթի բանաձեւի կանոնների համաձայն: Իրենք համառություն են ցուցաբերում, թե այս հարցում ունեն սկզբունքային դիրքորոշում: Բնական է, որ մեր դիրորոշումն է՛լ ավելի կոշտ է ու սկզբունքային: Չեն կարող իրենք ստիպել ընդդիմությանը փոխել եւ իրենց հարմար թեկնածու առաջադրել: Դա իրականում կոռեկտ չէ»:
Հարցրեցինք՝ այն պատճառաբանությունները, որ բերում են հանձնաժողովի անդամները, օրինակ, ասում են՝ բանակում ծառայած չի Ղազինյանը, ո՞նց կարող է լինել պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ձեզ համար հիմնավո՞ր են՝ Արթուր Ղազինյանը պատասխանեց. «Եթե պաշտպանության փոխնախարարը կարող է բանակում ծառայած չլինել եւ լինել ՊՆ փոխնախարար, ապա հարցադրումը կոռեկտ չի: Եթե պետության ղեկավարը՝ վարչապետը կարող է լինել բանակում չծառայած, ապա ես էլ կարող եմ լինել հանձնաժողովի փոխնախագահ, նաեւ պաշտպանության նախարար: Դրանք ընդամենը պատրվակներ են, ոչ թե պատճառներ: Պատճառները շատ ավելի խորն են եւ իրենց համար վտանգավոր: Եթե հանձնաժողովի անդամները խոսում են պաշտպանության մասին, ապա դրա մեջ կա նաեւ անվտանգության համակարգը, որի մեջ բանակը եւ ռազմական անվտանգությունը մեկ շատ կարեւոր, բայց ոչ ամբողջական բաղադրիչ են հանդիսանում: Հետևաբար` անվտանգությունը համալիր մեխանիզմ է, որը կազմված է տարբեր ոլորտների անվտանգային համակարգերից: Դա ամենաոչինչ չասող եւ անբովանդակ պատրվակներից է, որ կարող են իշխանությունները բերել»:
Ղազինյանն ասաց, որ իշխանականները շատ լավ հասկանում են՝ ընդդիմության թեկնածուն չի կարող փոխվել. «Այստեղ ընդդիմության հեղինակության խնդիրն է այլեւս: Իրենք դա շատ լավ հասկանում են ու ասում են՝ թեկնածուն փոխեք: Չի կարող փոխվել ոչ թե նրա համար, որ ես ամենալավն եմ ու ավելի լավ թեկնածու չկա, ոչ, այլ որովհետեւ ի սկզբանե ներկայացվել է թեկնածու ու երբ իրենք ասում են փոխեք, այդ պահից սկսած ամեն ինչ ավարտվում է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ իրենք նաեւ ձեր փողերի հետ կապված այսպես ասած «տեղեկանք» են ուզում՝ ինչպե՞ս եք այդ գումարները վաստակել՝ Ղազինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ տասը տարուց ավելի հանրային ծառայության մեջ չեմ եղել: Եղել եմ ազատ մարդ ու չունեմ օրենքով որեւէ պարտավորություն՝ ցույց տալու այդ եկամուտների ու ունեցվածքի ծագումը: Իհարկե, այն պահից սկսած, երբ որ ես ստանձնել եմ պատգամավորի պարտականություն, այդ պահից արդեն ունեմ պարտավորություն հրապարակել բոլոր եկամուտները: Ես իրենց չէ, որ պետք ասեմ, թե իմ ունեցվածքը որտեղից է: Ես մեկ առիթով պարզաբանում տվել եմ, ցույց եմ տվել աղբյուր: Դա ընդամենը բնակարանի գործարք է եղել: Բնակարանը՝ 500քմ ձեռք եմ բերել 1300-ով, վաճառել եմ 2500 դոլարով միջինացված եւ գոյացել է եկամուտ: Սա ընդամենը մի օրինակ է՝ որ իրենք համոզվեն՝ այդտեղ որեւէ մութ բան, որեւէ գաղտնիք չկա: Չէր կարող մասնագիտությամբ իրավաբանը հրապարակեր մի տվյալ՝ իմանալով, որ դրա տակ կարող է լինել որեւէ խնդիր: Մինչ այժմ մենք ունեցել ենք խնդիր բացահայտել չհայտարարագրված եկամուտները, հիմա մենք կարծես տեղափոխվում ենք այլ հարթություն ու փորձում ենք պարզել հայտարարագրված եկամուտները: Սա մի քիչ նոնսենս է իրականում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Ես իրենց չէ, որ պետք է ասեմ, թե իմ ունեցվածքը որտեղից է» – սա միթե լուրջ մարդու կեցվածք է, որը հավակնում է դառնալ հանձնաժողովի փոխնախագահ: Սա ավելի շուտ «беспредельщик»-ի պահվածք է: