Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հավելված միգրանտների համար. Տեղում նստած կարող են տեսնել «խոպանում» ինչ աշխատանք կա

Հոկտեմբեր 19,2021 20:15

Հոկտեմբերի 11-ին «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» ծրագրի հավելվածի օգտագործողների թիվը մեկ միլիոնից անցել է, ինչն անսպասելի էր: Այսօր այս մասին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա–Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:

«Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» հավելվածը ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի առաջին նախագիծն է: Այս նախագծի խնդիրն է ապահովել քաղաքացիների ազատ եւ անվտանգ տեղաշարժը կորոնավիրուսային վարակի համաճարակի պայմաններում:

Հարցին՝  եղե՞լ են QR կոդերի կեղծումներ, ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ նման կեղծումներ չեն եղել:

Նաեւ հետաքրքրվեցին՝ ի՞նչ անի ուղեւորը, եթե նրա հեռախոսն օդանավակայանում կոտրվել է կամ՝ կորցրել է, որի մեջ գտնվում է այդ հավելվածը: Տիգրան Սարգսյանն ասաց. «Եթե քաղաքացու հեռախոսը կոտրվել է եւ նա վստահ է, որ նրա են QR կոդի հետ ամեն ինչ կարգին է, ապա, ամենապարզ միջոցը՝ կապվել տվյալ լաբորատորիայի հետ եւ խնդրել, որ նոր հեռախոսահամարին ուղարկեն QR կոդը: Լաբորատորինա կարող է ուղարկել այն նոր հեռախոսահամարի»:

Հարցին՝ վերլուծության ենթարկվե՞լ են տվյալները՝ որ երկրի քաղաքացիներն են ամենաշատը օգտվել այդ հավելվածից, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Հավելվածը ներբեռնելու հարցում առաջին տեղում Ղրղըզստանն է՝ 400 հազար ներբեռնում կա: Եվ, պատահական չէ, որ միլիոնի մեջ օգտագործողներից շատերը նույնպես Ղրղզստանից են: Թե կոնկրետ ովքեր են, չենք կարող ասել: Երկրորդ տեղում Բելառուսն է, երրորդ տեղում՝ Հայաստանը: Ուզբեկստանը, Ադրբեջանն ու Մոլդովան ավելի ուշ են միացել հավելվածին, այդ պատճառով ճիշտ կլինի այդպիսի վերլուծություն անել մեկ տարուց»:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ հասունացել է պահը, որպեսզի օդային տրանսպորտից բացի ցամաքային տրանսպորտով երթեւեկելիս էլ ներբեռնեն այդ հավելվածը. «Այդ հարցն այսօր քննարկման փուլում է, եւ անխոս այն կապված է՝ այն բանի հետ՝ ինչպես է անցնում կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչպիսի իրավիճակ է այս կամ այն տարածաշրջանում: Մենք չենք բացառում, որ այդ հավելվածը կարող են օգտագործել թե՛ ցամաքային թե՛ ջրային տրանսպորտով երթեւեկելիս»:

ԵԱԶԲ վարչության փոխնախագահը նաեւ հայտնեց թվային մեկ այլ նոր հավելվածի՝ մոտ ապագայում թողարկման մասին, որը կառնչվի միգրանտներին. «Միգրանտը, դուրս չգալով իր երկրից, մեր հավելվածի միջոցով կարող է գտնել իրեն հարմար աշխատանք, պարզել բոլոր իրեն հուզող հարցերը՝ տվյալ աշխատանքի վերաբերյալ: Կարող է ընտրել տարածաշրջանը, որը նրան հոգեհարազատ է, եւ ուսումնասիրել այդտեղ ինչ աշխատանքներ կան, որքան է աշխատավարձը: Կարող է, որոշ էտապների գրանցում անցնել, որը նա անում էր տվյալ երկրում լինելով: Հիմա շատ ծառայություններ կարող է ստանա հեռահար: Կարող է երեխաների հարցերով նույնպես տեղեկատվություն ստանալ, ապահովագրության եւ այլ հարցեր անել: Այսինքն՝ համալիր ծառայություններ, որոնք կհեշտացնեն խնդիրները: Տարեվերջին կունենանք այդ հավելվածը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031