Այսօր Aravot.am-ն ահազանգեր է ստացել, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության վրա սկսել են ճնշումներ գործադրել, որ համաձայնի կոալիցիա կազմել երկրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ու քաղաքապետի պաշտոնում իր սեփական թեկնածուին՝ Վարդգես Սամսոնյանին առաջադրելու փոխարեն առաջ մղի իշխող կուսակցության թեկնածուին՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին։
Ի դեպ, մեզ ահազանգողները նշում են, որ նման պարտադրանքը նշանակում է Հայաստանում թաղել ընտրական համակարգը։
Նշենք, որ նախնական հաշվարկներով՝ 36,59 տոկոս ստացած «Բալասանյան դաշինք»-ը Գյումրու ավագանու կազմում կստանա 14 մանդատ, ձայների 29,56 տոկոս հավաքած ՔՊ-ն՝ 11։
Aravot.am-ն այս թեմայի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ «Բալասանյան դաշինք»-ի ավագանու ցուցակում 15-րդ տեղը զբաղեցնող Սոնա Առաքելյանից։
Կարդացեք նաև
«Ես ճնշումներ գործադրելու մասին տեղեկություն չունեմ։ Այս պահին ներթիմային քննարկումներ են ընթանում, երբ կլինեն վերջնական արդյունքները, դրանից հետո հավանաբար քննարկումներ կլինեն թիմից դուրս»,-ասաց Սոնա Առաքելյանը։
Թե որքանով են իրական ճնշումներ գործադրելու մասին ահազանգերը ու որքանով է բարոյական այս սցենարը․ արդյոք նման պարտադրանքը վերջնականապես չի՞ հիասթափեցնի «Բալասանյան դաշինքին» վստահության քվե տված գյումրեցիներին, որոնք մեծամասնություն են, և Գյումրիում երկիրը կառավարող քաղաքական ուժի նկատմամբ մեծ անվստահություն չի ստեղծի, այս թեմայի շուրջ պարզաբանում կստանանք նաև իշխող քաղաքական ուժից։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում գյումրեցիների մասնակցության ռեկորդային ցածր տոկոս է գրանցվել, որը և Գյումրու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից շատերը մեկնաբանում են որպես ժողովրդի անվստահության, հիասթափության դրսևորում։
Գյումրին 109 հազար 453 ընտրող ունի, ընտրությանը մասնակցել է 26 հազար 417 քաղաքացի, որը կազմում է 24,14 տոկոսը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ