Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Ըստ էության, Ադրբեջանում տեղի է ունենում նույն գործընթացը, ինչ իրականացվեց Թուրքիայում 1890-ական թվականներից մինչեւ Քեմալի ժամանակաշրջան»

Հոկտեմբեր 19,2021 19:25
Levon Mkrtchyan

ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում այսօր աշխատանքն է սկսել «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին:

ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը կանգ առավ մեթոդոլոգիական մի քանի հարցերի վրա: «Մենք 1920/1921 թվականների հետ համեմատած հիմա մի մեծ պլյուս ունենք. ավելի կայացած պետականություն, որն ավելի ինստիտուցիոնալ  եւ ճանաչված ՄԱԿ-ում, երկրորդ՝ ունենք կազմակերպված սփյուռք: Եվ չնայած մեր հարաբերությունների այս պահի վայրիվերումներին, այս երկու հզոր ազդակները հնարավորություն են տալիս ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում ոչ թե Հայաստանը 1920-1921 թվականների նման օբյեկտ դարձնել, այլ ավելի ակտիվություն, սուբյեկտայնություն հաղորդել: Ամենամեծ խնդիրները մեր կարծիքով նրանք են, որ գործընթացները, որ սկսվել են 19-րդ դարի վերջից, առայսօր ավարտված չեն եւ մենք այդ գործընթացները չենք կարողանում գնահատել որպես փակ համակարգ՝ պատմական գնահատականի տեսակետով: Շատ  քաղաքականացված  է, ակտիվ է շատ: Քաղաքական տեկտոնական դաշտերը տարածաշրջանում ուժեղ աշխատում են, եւ մենք չգիտենք, թե այս գործընթացը ուր է տանելու: Ու այս իմաստով ամեն ինչ շատ անկանխատեսելի է:

Դարի քաղաքակրթական ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ փոփոխությունները շատ սրընթաց են ու ազգերին ստիպում են կողմնորոշվել վազքի մեջ: Ընդ որում, յուրաքանչյուր ազգ պարտադրված է գնահատել միջազգային եւ տարածաշրջանային խորքային գործընթացները՝ սեփական փորձառությամբ գնահատված: Հակառակ դեպքում այն կբերի լուրջ խնդիրների, ինչը մենք հիմա տեսնում ենք: Ազգային ներուժի ծավալի ճիշտ հաշվարկումը, հավասարակշռության համակարգերում կուտակված հզորության արդյունավետ օգտագործումը դառնում են ազգերի, պետությունների կենսունակության ապահովման կարեւոր նախապայման»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, մեր տարածաշրջանը տարբեր քաղաքակրթությունների, աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերի բախումների եւ համագործակցության հազարամյակների կենտրոն է, որտեղ այս ամենը ստեղծում է իսկապես անկանխատեսելի զարգացումների համայնապատկեր: Ազդեցությունների առկա բարդ համակարգը հազարավոր թելերով կապված է աշխարհում գործող գրեթե բոլոր վճռորոշ ուժերի հետ: Սա է պատճառը, որ մեր տարածաշրջանում ներառված են աշխարհի գրեթե բոլոր ուժային կենտրոնները եւ ներառված են ինստիտուցիոնալ կերպով: Եվ այդ կապերը ոչ միայն ուղղահայաց եւ հորիզոնական են, այլ հաճախ անկանոն բնույթ են կրում: Իսկ եղած կոնֆլիկտները ոչ միայն չեն լուծվում, այլ խորանում եւ քրոնիկական խոցի կարգավիճակ են ստանում: Հիմա մի քանի, բազմաշերտ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, իրականացվում է բազմաշերտ գործունեություն՝ գործունեության վրա:

Բանախոսը ասում է, որ Հայաստանի նման փոքր երկրներում առկա են ազգային անվտանգության հարցերի սրված ընկալում, օտար գաղտնի ծառայությունների ավելի բազմաբնույթ եւ ակտիվ աշխատանք, արտաքին ազդեցությունների ազդեցության ենթարկվածության ավելի մեծ աստիճան, քաղաքական, տնտեսական դաշտերի առավել անկայունություն, ինչը հասարակության մեջ առաջացնում է անկումային տրամադրություններ, առաջանում են ներքաղաքական  գործոններ, որոնք հաշվի չառնելու պարագայում ուղղակի կարող են սպառնալիք դառնալ ազգային անվտանգության համար:

Լեւոն Մկրտչյանը անդրադարձ կատարեց տարածաշրջանում դեռեւս 1890-ական թվականներից սկսված նոր ժողովուրդների ձեւավորման գործընթացներին, որոնք շարունակվում են ագրեսիվ, ուժային դրսեւորումներով: Եվ անատոլիական թրքության օրինակով ցույց տվեց, որ Հարավային Կովկասում հընթացս հորինվում են չակերտավոր «պատմական հիմքեր», որ փորձ է կատարվում բնիկ ժողովուրդներից յուրացրած տարածքների, մշակութային, սովորույթային ժառանգության թալանի միջոցով կառուցելու «հայրենիք» եւ անհանդուրժողական ծայրահեղ ազգայնամոլ գաղափարախոսություն որդեգրած պետականություն: Ըստ էության, հիմա Ադրբեջանում տեղի է ունենում նույն գործընթացը, ինչ իրականացվեց Թուրքիայում 1890-ական թվականներից մինչեւ Քեմալի ժամանակաշրջան: Եվ նրանց պետականությունը ձեւավորվեց այլ ազգերի մշակութային, քաղաքակրթական ժառանգությունների, հայրենիքների յուրացման ճանապարհով»,- ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031