Դիլիջանում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 57 % ձայների մեծամասնությամբ համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Դավիթ Սարգսյանը:
605 և 514 քվեով ավագանիում ընդգրկվեցին համապատասխանաբար «Քաղաքացու որոշում» և «Հանրապետություն» կուսակցությունները:
Մեզ հետ զրույցում «Քաղաքացու որոշում» կուսակցության Դիլիջանի թեկնածու Արա Մարտիրոսյանը նշեց, որ ընտրության մասնակցության խայտառակ ցածր ցուցանիշը ցույց տվեց հանրության մեծ անտարբերությունն իր քաղաքի նկատմամբ․
Կարդացեք նաև
«Եթե մարդիկ այսքան անտարբեր են, որ իրենց քաղաքում ինչ որ բան փոխվի, ուրեմն մենք ոչինչ չենք կարող անել: Ես հիասթափված եմ մարդկանց անտարբերությունից: Չգիտեմ ինչն է պատճառը՝ գուցե որոշել են լքեն երկիրը կամ իրենց հետաքրքիր չէ»:
Մարտիրոսյանի կարծիքով՝ մասնակցության ցածր ցուցանիշը նաև օրենսդրական բացի հետևանք է․
«Կան երկրներ, որտեղ օրենք է ՝ եթե դու չես մասնակցում ընտրություններին, ապա զրկվում ես մի շարք արտոնություններից, որը մեզ մոտ չկա, և ես այն օրենսդրական բաց եմ համարում»։
Մարտիրոսյանը վստահ է, որ եթե ընտրողների մասնակցության տոկոսը բարձր լիներ՝ արդյունքներն այլ կլինեին:
Թեկնածուն նշեց, որ ավագանիում իրենք երկու մասնակից կունենան, սակայն դեռ չեն որոշել, թե որ ներկայացուցչները կլինեն:
«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արմեն Ուլիխանյանն էլ իր հերթին ընդգծեց, որ ընտրության ընթացքից գոհ է, սակայն վերջնական արդյունքները զարմացրին իրեն․«Ունեցանք զարմանալի արդյունք և Դիլիջանը, լինելով ինտելիգենտ քաղաք՝ ընտրեց անգրագիտությունը: Ժողովրդի մոտ կա հիասթափության և անվստահության մթնոլորտ: Անկախ նրանից, թե տվյալ մարդն իր խոստումները կատարե՞լ է, թե՞ չէ, ժողովրդին չի հետաքրքրում, ինչի հետևանքով էլ ունեցանք նման արդյունք»։
Ուլիխանյանի խոսքով՝ ինքն արդեն ուներ կրթության և մշակույթի զարգացման բազմաթիվ ծրագրեր, սակայն այդպես էլ չի կարողանա իրականացնել: Իսկ ներկա իշխանության հետ համագործակցության հնարավորությունը ցածր գնահատեց՝ նշելով, որ համագործակցության համար պետք է ընդհանուր տեսլական ունենալ․ «Գուցե իմ մտքերը լսեն ու կատարեն, բայց դրա համար գրագիտություն է պետք, պատկերացում, շրջապատի հասկացողություն է պետք, որը տարիների ընթացքում պետք է վաստակել»:
Անդրադառնալով Դիլիջանում 30 տարի անց վերաբացված «Մանուշակ» կինոթատրոնի ճակատագրին՝ վստահեցրեց, որ կինոթատրոնը կշարունակի գործել և ինքը դիլիջանցիներին տված խոստումը կպահի․ «Չի եղել մի դեպք, որ ես խոստում տամ ու չկատարեմ, այնպես որ՝ կինոթատրոնը կշարունակի գործել, չնայած ինձ համար ցավ է տեսնել, թե ինչի է վերածվել Դիլիջանը: Այն մշակութային և կրթված Դիլիջանից ոչինչ չի մնացել և դարձել է մեծ գյուղ»:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ