ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
«Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից: Ծրագրին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի բուհեր՝ մաս կազմելով այս նախագծի իրագործման համար ձևավորված միջազգային համընկերությանը: Դրա համակարգումն իրականացնում է Կրակովի Յագելլոնյան համալսարանը:
Մեզ հետ զրույցում Կրակովի Յագելլոնյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ընդհանուր և միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն, նախագծի համակարգող Պյոտր Բայորն ասաց, որ նախագիծը նպատակ ունի ուսումնասիրելու Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող գործընթացների արդյունքները և դրանց ազդեցությունը ծրագրի գործընկեր երկրների սոցիալ-քաղաքական վերափոխման վրա:
Նրա տեղեկացմամբ, նախագիծը բաղկացած է երկու մասից՝ հետազոտական և կազմակերպչական: Հետազոտական բաղադրիչն իրականացնելու համար Պյոտր Բայորի խոսքով, ստեղծվել է համալսարանների միջազգային համընկերություն, որի կազմում է նաև ԵՊՀ-ն. «Համընկերության շրջանակում մենք հետազոտում ենք Արևելյան գործընկերության ազդեցությունը գործընկեր յուրաքանչյուր երկրում, որտեղ կան հետազոտողներ, որոնք ուսումնասիրում են այդ հարցը»:
Կարդացեք նաև
Նախագծի համակարգողի խոսքով, այսօր իրականացված սեմինարը կազմակերպվել է քննարկելու հայաստանյան հետազոտողների՝ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանի և Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի դասախոս, դոցենտ Սամվել Հովհաննիսյանի զեկուցումները, որոնք ներկայացնում են իրենց հետազոտության արդյունքները:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը սեմինար-քննարկման սկզբում փաստեց, որ Կրակովի Յագելլոնյան համալսարանը ԵՊՀ-ի գործընկերն է, որի հետ իրականացվում են մի շարք ծրագրեր: Նա հույս հայտնեց, որ գործընկեր երկու բուհերի միջև շարունակվելու են իրագործվել ծրագրեր՝ ուղղված ուսանողների փոխանակմանը:
«Միջազգայնացումը մեր համալսարանի առաջնահերթություններից մեկն է, որն արձանագրված է բուհի զարգացման ռազմավարական ծրագրում: Միջազգայնացումը ենթադրում է ոչ միայն կրթական ծրագրերի և հետազոտական բաղադրիչի չափորոշիչների համապատասխանեցում միջազգային նորմերին, այլև մի շարք համատեղ ծրագրերի իրագործում, որոնցից է «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագիրը»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:
Այնուհետև Հայաստանում Լեհաստանի դեսպանության քաղաքական-տնտեսական բաժնի առաջին խորհրդական Քշիշտոֆ Բարտչակն նշեց, որ այս նախաձեռնությունն օգտակար է ոչ միայն Արևելյան գործընկերության գործընթացների ազդեցությունը հասկանալու տեսանկյունից, այլև մեծապես կարող է օգնել քաղաքական գործիչներին և դիվանագետներին՝ ավելի արդյունավետ դարձնելու գործիքները, որոնք կիրառվում են ծրագիրը կյանքի կոչելու համար:
Սեմինար-քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կրակովի Յագելլոնյան համալսարանի միջազգային և քաղաքական ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան Պավել Լեյդլերը, որը միջոցառմանը միացել էր առցանց: Նա կարևորեց այսօրվա նախաձեռնությունը և մաղթեց արդյունավետ քննարկում:
Այսօրվա միջոցառման առաջին հատվածում ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանը ներկայացրեց դեպի Արևելյան գործընկերություն Հայաստանի քաղաքականության պայմանները և փոխակերպումը՝ ցույց տալով, թե 2009 թ. մինչ օրս Հայաստանի կառավարող էլիտաների դիրքորոշումների ինչ ընդհանրություններ ու տարբերություններ են եղել:
Նարեկ Գալստյանն իր զեկուցման ավարտին ներկայացրեց առաջարկություններ, որոնք կարող են նպաստել ԵՄ-Հայաստան հարաբերությունների արդյունավետացմանը: Մասնավորապես նա ասաց, որ ԵՄ-ն արտաքին ու ներքին մարտահրավերներին առավել դիմակայուն դարձնելու նպատակով պետք է աջակցի Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և փոխկապակցի մի կողմից Հարավային Կովկասի երեք պետություններից յուրաքանչյուրի անհատական առաջընթացն արտաքին և ներքին քաղաքական հարթություններում, մյուս կողմից՝ կապակցի երեք երկրներին տարածաշրջանային ծրագրերի շրջանակում:
Այնուհետև Սամվել Հովհաննիսյանը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում և միջոցառմանը միացել էր առցանց, ներկայացրեց Արևելյան գործընկերության նշանակալի դերակատարությունը Հայաստանի տնտեսական առաջնահերթություններին հասնելու գործում՝ ցույց տալով, թե ինչ ծրագրեր են կյանքի կոչվել Արևելյան գործընկերության ֆինանսավորման արդյունքում: Բացի դրանից՝ նա մատնանշեց, թե կոնկրետ ներդրումների դեպքում ինչ ձեռքբերումներ կարող են արձանագրվել:
Միջոցառման երկրորդ հատվածում արդեն տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում բանախոսներին և հյուրերին հարցեր ուղղելու հնարավորություն ընձեռվեց նաև սեմինար-քննարկմանը ներկա ուսանողներին:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ