Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր անցկացվել է լիագումար նիստ

Հոկտեմբեր 19,2021 18:28

Հայ-ռուսական «Նոր իրողությունների պարագայում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներ» խորագրով  միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր անցկացվել է լիագումար նիստ, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այլ նախարարներ, մարզպետներ, պաշտոնատար այլ անձինք։

Լիագումար նիստի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ փոխվարչապետ  Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը: Ֆորումի շրջանակներում ելույթով հանդես է եկել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում կարևորել է միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը, դրանք համարելով  երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակում համագործակցության կարևոր ինստիտուտներից մեկը: «Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը, որը խարսխված է շուրջ երկու տասնյակ համաձայնագրերի վրա, ունի հիրավի լայն աշխարհագրություն: Այն ներառում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր անկյուններում գտնվող վարչական միավորներ։ Այս կապերի առկայությունը մեր երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների վառ դրսևորումներից է»,- ասված է վարչապետի ուղերձում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ողջույնի խոսքում նշել է, որ  միջտարածաշրջանային համագործակցությունը շատ նշանակալի դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման, տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացման գործում։

Ռուսաստանն ու Հայաստանն ունեն բոլոր հնարավորությունները՝ կայուն և դինամիկ զարգացման, բազմակողմանի փոխգործակցության համար` ինչպես առևտրային, այնպես էլ տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև՝ լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Այս մասին է նշել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր ուղերձում: Նրա խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունը մեծ ներդրում ունի այդ գործում: «Նախապատրաստվել է միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր 2022-2027 թվականների համար: Համոզված եմ, որ Ռուսաստանի տարածաշրջանների հետ Հայաստանի հետագա համագործակցությունն օգուտ կբերի մեր եղբայրական երկրների ժողովուրդներին»,- ասել է նա:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն իր խոսքում անդրադառնալով միջտարածաշրջանային համագործակցությանը` նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջեւ կա համագործակցության 19 պայմանագիր, ինչը ամուր հիմք է փոխգործակցության կառուցման համար: Ըստ Ռեշետնիկովի՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը և  Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստում են միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար։

Լիագումար նիստին ելույթով է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։​ ՏԿԵ նախարարը ողջունել է համաժողովի  մասնակիցներին և նշել, որ ​ ներկա պայմաններում մեծ ձեռքբերում է այսպիսի լայնածավալ համաժողովի կազմակերպումը ոչ առցանց հարթակում, ինչը նաև այստեղ ներկա մարդկանց առավել սերտ կապեր հաստատելու, նոր գործընկերներ ձեռք բերելու և միջտարածաշրջանային հորիզոնական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ մեծ ձգտման արձանագրումն է։

​«Տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված միջտարածաշրջանային համագործակցության զարգացումն առաջնահերթ խնդիրներ են ՀՀ կառավարության համար: Միջտարածաշրջանային հորիզոնական շփումները մարզերի համար տնտեսական աճի, գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման հիանալի հնարավորություն են ստեղծում, ինչպես նաև ամրապնդում մեր երկրների բարեկամական հարաբերությունները։ Եթե կարողանանք օգտվել միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից, ապա մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին»,-նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 18-19-ն անցկացվում է միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը «Նոր իրողությունների պարագայում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներ» խորագրով։

ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031