Երեւանում կայացավ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի բեմելը։ Ժան-Պոլ Գասպարյանը 26 տարեկան է, ծնվել է Ֆրանսիայում։ 14 տարեկանում ընդունվել է Փարիզի երաժշտության և պարերի բարձրագույն ազգային կոնսերվատորիան և 2015թ․ ստացել մագիստրոսի աստիճան։ Որպես մենակատար հանդես է եկել մի շարք նվագախմբերի հետ՝ Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ռախմանինովի, Գերշվինի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ:
Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ էր ունենում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որը կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կազմակերպմամբ եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Ներկայացնում մեր ենք հարցազրույցը Ժան-Պոլ Գասպարյանի հետ։
-Ժան-Պոլ, սա Ձեր առաջի՞ն այցն է որպես դաշնակահար։
Կարդացեք նաև
-Սա ընդհանրապես իմ առաջին այցելությունն է Հայաստան։ Եկել եմ մի քանի օրով եւ շատ տպավորված ու հուզված եմ՝ լինելով Հայաստանում, այն երկրում, որտեղ իմ հայրն է ծնվել։ Մայրս Սերբիայից է, այնտեղ ես մի քանի անգամ եղել եմ, Հայաստանում, սակայն, առաջին անգամ եմ, ինչի համար շատ երջանիկ եմ։ Հուսով եմ՝ այս մի քանի օրերի ընթացքում կհասցնեմ ծանոթանալ երկրին, լինել տեսարժան վայրերում։ Մայրիկիս հետ եմ եկել, եւ արդեն այցելել ենք Ծիծեռնակաբերդ։
-Ի՞նչ կասեք Ձեր համերգային ելույթի մասին։
-Մոտ մեկ ամիս առաջ եմ հրավեր ստացել՝ ելույթ ունենալու «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Երբ տեղեկացա, որ Կամերային նվագախմբի հետ եմ նվագելու, անմիջապես մտածեցի Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտի մասին։ Շոպենն այն կոմպոզիտորն է, որը շատ մոտ է իմ հոգուն, իմ վերջին ձայնասկավառակը նվիրել եմ հենց Շոպենի ստեղծագործություններին։ Այս կոնցերտը բազմիցս եմ ներկայացրել, եւ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել այն կատարելու նաեւ հայ երաժշտասերների համար։ Սա իմ առաջին, բայց հուսով եմ՝ ոչ վերջին համերգն է Հայաստանում։
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է Շոպենի ստեղծագործությունները դարձնում առանձնահատուկ։
-Շոպենի մասին կարելի է ժամեր խոսել։ Շոպենն այն հեղինակն է, որի արվեստն ուղղակիորեն խոսում է մարդկանց զգացմունքների հետ։ Ես նկատել եմ՝ շատ դեպքերում նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորություն չունեն հաճախ լսելու դասական երաժշտություն, երբ ունկնդրում են Շոպենի մեղեդիները, հատկապես դաշնամուրային գործերը, անմիջապես տպավորվում են դրանց մեղեդայնությամբ ու քնարականությամբ։
-Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ընտրեցիք դաշնամուրը, ինչո՞ւ ոչ ջութակ կամ, ասենք, փողային գործիք։
-Դա շատ պարզ է։ Իմ ծնողները դաշնակահարներ են, ես էլ դաշնամուր սկսեցի նվագել, երբ վեց տարեկան էի։
-Ձեր երկացանկում կա՞ն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
-Իհարկե, կատարել եմ Առնո Բաբաջանյանի «Կապրիչոն»։ Ձայնագրել եմ նաեւ Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»։ Բնականաբար, շատ եմ լսել Կոմիտասի, Խաչատրյանի, այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հավանաբար մյուս տարի կսովորեմ նաեւ Բաբաջանյանի Պոլիֆոնիկ սոնատը դաշնամուրի համար՝ Գերմանիայում կայանալիք փառատոնին ներկայացնելու համար։ Կաշխատեմ հայկական երաժշտությունը ներառել իմ ծրագրերում, կարծում եմ՝ այն շատ լավ համադրվում է ռուսական, եվրոպական երկացանկերի հետ։
Զրուցեց Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ