Ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր, Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ ապաշրջափակման միջոցառումներն իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. «Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների եւ ուղիների հետ կապված հարցեր»:
Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ որո՞նք են այն ուղիները, որտեղով անցնելու են ապաշրջափակված ճանապարհները, ո՞ր տարբերակներն են քննարկվում, պարոն Գրիգորյանն ասաց. «Կոնկրետացված տարբերակներ չկան: Երկաթգծի հետ կապված խնդիրը մի փոքր ավելի պարզ է, որովհետեւ երկաթգծի մասով վերականգնողական տրամաբանության մեջ է: Գծերը, որոնք եղել են Խորհրդային միության ժամանակ, այդ երկաթգծերի մասին է խոսքը: Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են»:
Փոխվարչապետին նաեւ հարցրին՝ Թուրքիայի եւ Իրանի կարծիքը որքանո՞վ է հաշվի առնվում է ապաշրջափակման վերաբերյալ հարցերը քննարկելիս: Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ դա տարածաշրջանային նշանակություն ունեցող երեւույթ է. «Եթե մեզ հաջողվի ինչ-որ լուծումների գալ, Իրանը, հարեւան Վրաստանն առնչություն, իհարկե, կունենան: Բայց եռակողմ հարթակում քննարկումներին ներգրավել որեւէ այլ կողմ՝ ոչ, չկա: Չկա ո՛չ ձեւաչափ, ո՛չ քննարկում, ո՛չ՝ պայմանավորվածություն»։
Հարցին էլ՝ որքանո՞վ է հնարավոր համարում տարածաշրջանում կիրառել 3+3 ձեւաչափը, Մհեր Գրիգորյանը նշեց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել։
Կարդացեք նաև
Փոխվարչապետը նաեւ հայտնեց, որ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվել եւ չի քննարկվում՝ անկախ հայ-թուրքական տնտեսական հնարավոր համագործակցությունից:
Գազի գնի վերաբերյալ բանակցությունների առնչությամբ էլ Մհեր Գրիգորյանն ասաց, որ դա անընդհատ գործընթաց է, դրանք այս պահին եւս ընթանում են. «Ըստ էության բուն սահմանին գազի գնի հետ կապված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք: 2019 թվականից ծանր, երկարատեւ եւ շատ բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել, եւ, կարծում եմ, բավականին խորը քննարկել ենք այդ հարցը, եւ որոշակի առումով՝ համաձայնեցրել ենք»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ