Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Բոլոր դոլարային միլիոնատերերը, որոնք միլիոնատեր են դարձել թալանով, անպայման մի օր իրենց թալանը կվերադարձնեն ժողովրդին». Կարեն Անդրեասյան

Հոկտեմբեր 19,2021 18:08

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին հայցադիմումն է արդեն մտել դատարան: Aravot.am-ի հարցին՝ այդ օրենքի ընդունման ժամանակ ընդդիմադիրներն ասում էին, որ սա մահակ է՝ քաղաքական դաշտի համար, ի՞նչ սպասենք առաջիկայում, կլինե՞ն այս մեղադրանքով քաղաքական գործիչներ՝ պատասխանեց. «Ես ինձ թույլ չեմ տա ասել, ոչ ողջունում եմ տվյալ դիմումը դատարան, ճիշտ կամ սխալ եմ համարում, որովհետեւ դա կլիներ միջամտություն կոնկրետ դիմումին, բայց ես շնորհավորում եմ հասարակությանը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենսդրությունը սկսել է կիրառվել՝ անկախ նրանից, թե այս պահին ում դեմ է հայցադիմումը: Ես որեւէ անհանգստություն չունեմ, որ սա լինելու է մահակ: Ես տեսնում եմ, թե ինչ ծանր աշխատանք է կատարել դատախազությունը: Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը արդեն վաղուց սպասված պահանջն է հասարակության, որ թալանվածը պետք է վերադարձվի հասարակությանը»:

Հարցին, այսինքն, նրանք, ովքեր ապօրինի հարստություն են կուտակել, վստահ լինեն, որ մի օր իրենց դո՞ւռն է սա գալու, ոչ թե մեկ-երկու անձանցով ավարտվելու է՝ նախարարը պատասխանեց. «Ես հուսով եմ, որ գոնե բոլոր դոլարային միլիոնատերերը, որոնք դոլարային միլիոնատեր են դարձել թալանով, անպայման մի օր իրենց թալանը կվերադարձնեն ժողովրդին: Իսկ դրա միակ օրինական ճանապարհը այս օրենսդրությունն է»:

Նա ասաց, որ եթե ապօրինի ծագում ունեցող գույք չէ ու դատարանները կխլեն այդ մարդուց, իրենք պատրաստ են կարգապահական վարույթ սկսել այդ դատավորի նկատմամբ:

Թե ինչպես գիտի, որ թալան է եղել՝ Կարեն Անդրեասյանը վկայակոչեց ԶԼՄ հրապարակումները, հասարակության մեջ առկա տեղեկատվությունը. «Մարդիկ են եղել այս երկրում, որոնք պետական ծառայող են եղել իրենց ամբողջ կյանքի ընթացքում, ստացել են չնչին աշխատավարձեր ու դարձել են դոլարային միլիոնատերեր ու այդ միլիոնները նույնիսկ չեն էլ փորձել թաքցնել հասարակությունից: Ավելին, հատուկ եւ դիտավորյալ իրենց ցոփ ու շվայտ կյանքը շպրտել են հասարակության առաջ, որովհետեւ մտածել են, որ լինելու են անպատասխանատու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031