Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ չնույնականացվող աղբյուրներին հղում անելու դեպքում՝ ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից: Ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ սրանով ցանկանում են սահմանափակել ԶԼՄ-ների՝ անանուն աղբյուրներից օգտվելու իրավունքը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ մտահոգությունը, որ կարող են սահմանափակվել անանուն աղբյուրներին հղում տալը, անտեղի է, քանի որ այն կարող է կարգավորել դաշտը. «Երկու հայտնի ֆեյք կա՝ «Անկախ Հայաստան» ու «Ռեգինա Պռազյան»: Պատկերացրեք, որեւէ մեկի մասին այս աղբյուրները տարածել են զրպարտող ինֆորմացիա, որը վարկաբեկում է մարդու, կապ չունի քաղաքական որ դաշտում ես: ԶԼՄ-ները վերցնում են այս լուրը ու ասում՝ սա ինձ ազատում է պատասխանատվությունից, որովհետեւ աղբյուր եմ օգտագործել: Հիմա դու պետք է հղում անես նորմալ աղբյուրների, մարդկանց, այդ դեպքում դու զրպարտության համար պատասխանատվություն չես կրում, բայց եթե դու օգտվել ես ֆեյքից՝ որեւէ մեկին զրպարտելու համար՝ չես ազատվելու պատասխանատվությունից: Այս նախագիծը սրա մասին է՝ ֆեյքին հղում տալով՝ դու պատասխանատվությունից չես ազատվելու: Մենք ուզում ենք ԶԼՄ-ները զրպարտեն ու որեւէ պատասխանատվություն չկրե՞ն, թե՞ լինեն պատասխանատու: Եթե չեն ուզում իրենց անանուն աղբյուրը բացահայտեն, իրենք պետք է շարունակեն կրել պատասխանատվությունը»:
Ըստ նրա, այս նախագծում ոչ մի ժողովրդավարության դեմ քայլ, ԶԼՄ-ների դեմ քայլ չկա: Ֆինանսական թափանցիկության մասին կարգավորումից խոսելով՝ Անդրեասյանն ասաց, որ սա օգնում է, որ ունենանք նորմալ լրատվական դաշտ. «Լավ լրագրողը նման բանից չպետք է վախենա, գիտի, որ այս տեսակ կարգավորումները բարձրացնելու են լրագրողական համայնքի ազդեցությունը ողջ հանրային դաշտի վրա»:
Կարդացեք նաև
Անդրեասյանն ասաց, որ շատ կարեւոր է «ֆոբիաները հաղթահարել». «ԶԼՄ-ների ձեռքերը լրիվ ազատություն չտալուց բացի՝ այստեղ որեւէ ուրիշ բան չկա: Օրենսդրությունը, որ գրվել է, հին է եղել՝ այն ժամանակ ֆեյքեր չեն եղել: Օրենսդրության գրվելու ժամանակ նոր աշխարհի երեւույթները չեն եղել: Հիմա կան ԶԼՄ-ներ, որոնք պատվիրատուի, մի ինչ-որ անանուն աղբյուր, զրպարտչական բան տարածել են, հետո հարգարժան ԶԼՄ-ներ սկսել են արտատպել: Սա քաղաքական դրոշներից անդին պաշտպանիչ գործոն է մեր համար: Բարեխիղճ ԶԼՄ-ն երբեք չէր վերցնի ֆեյքի գրածը տարածեր իր էջում: Համոզված եմ, բարեխիղճ ԶԼՄ-ն ինքն է կողմ լինելու այս կարգավորմանը»:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարցրեց՝ տելեգրամյան ալիքները որտե՞ղ կարող են տեխնիկապես զետեղել անուն, ազգանուն, հեռախոսահամար, հասցե եւ այլն, որ անանուն աղբյուր չդառնան՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ կա նման հնարավորություն: Կարեն Անդրեասյան էլ պարզաբանեց, որ հավական է որեւէ ալիքի պատասխանատվությունը մի հայտնի աղբյուր վերցնի իր վրա, ասի՝ ես եմ այս տելեգրամյան ալիքի տերը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ