Հոկտեմբերի 17-ին Դիլիջանում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ 4951 քվեով համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Սարգսյանը:
Ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքեց 1927 քվե,« Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ 605 քվե, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 514 քվե, իսկ «Հայրենիք» կուսակցությունը՝ 219 քվե:
Մեր զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Սարգսյանը նշեց, որ ընտրություններին իրենց հաղթանակը լինելու է աշխատանքով:
Սարգսյանը նշեց, որ իրենք համայնքի բնակիչների հետ միասին սկսելու են համայնքի համաչափ զարգացման գործընթացը և կառուցելու են այն ապագան, որը ապահովելու է քաղաքացիների բարեկեցիկ և արժանապատիվ ապրելու իրավունքը:
Կարդացեք նաև
Սարգսյանը նաև շնորհակալություն հայտնեց ընտրությանը մասնակցող քաղաքացիներին, ընտրական հանձնաժողովին՝ ընտրության ողջ ընթացքն առանց միջադեպերի անցկացնելու համար, իր թիմակիցներին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր պատգամավորներին ու կուսակիցներին՝ ընտրական ողջ գործընթացում իրեն աջակցելու համար:
«Ապրելու երկիր» կուսակցություն ղեկավար Արմինե Հովհաննիսյանը մեր զրույցում ընդգծեց, որ իրենք դեռ կուսակցության նիստ չեն արել և չի որոշվել, թե ովքեր են լինելու ավագանու անդամ, սակայն վստահեցրեց, որ իրենք կատարելու են իրեն գործն ու ամեն ինչ անելու են Դիլիջանի զարգացման և բարեկեցության համար:
Հովհաննիսյանը գնահատելով ընտրության ընթացքը՝ նշեց, որ տեղամասերից ոչ մեկում խախտում չի գրանցվել:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ