«Մի քանի լրատվամիջոցի ես տեղեկատվություն չեմ տրամադրելու, որովհետեւ դուք լրատվամիջոց չեք, դուք սուտ եւ կեղծ տեղեկություններ եք տարածում, չափերն անցնցում եք»,- խորհրդարանում լրագրողներին այսպես պատասխանեց իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Իսկ Tert.am կայքի լրագրողի դիտարկմանը, որ ընտրությունների օրը իշխանությունները ոստիկանական ուժեր էին կենտրոնացնում Գորիսում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Լավ էինք անում»:
Լրագրողների հարցերը վերաբերում էին կիրակի օրը Սյունիքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Իսկ մինչ այդ, հանձնաժողովի նիստում, արձագանքելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների դիտարկումներին՝ հյուսիս-արեւելյան սահմանագծի վերաբերյալ, Արմեն Խաչատրյանը հայտարարել էր. «Ես հաճախ եմ Սյունիքում լինում, իսկ վերջին շրջանում մշտապես այնտեղ եմ լինում: Իմ դռները ձեր առջեւ բաց են, ցանկացած հարցով կարող եք գալ, միասին քննարկենք, եթե դա միտված է լինելու մեր անվտանգության մակարդակի բարձրացմանը. ես այդ միտումը կոնկրետ ձեր երկուսի մոտ տեսնում եմ (խոսքը Տիգրան Աբրահամյանին եւ Գեղամ Նազարյանին էր վերաբերվում-Ն. Գ.): Բայց ուզում եմ անդրադառնալ նաեւ «Հայաստան» դաշինքի այսօրվա վերաբերմունքին. դուք ասում եք, որ ձեր առաջնային խնդիրը երկրի պաշտպանությունն է, անվտանգության շահերի ապահովումը, բայց այսօր հարց է քննարկվում, որ կառավարությունը պետք է կարգ սահմանի, ըստ որի, երբ մեր օդային տարածքը վտանգի տակ լինի, ինչ հրթիռային միջոցներով, որքան ժամանակում պետք է խոցվեն, դուք այսօր քվեարկությանը չեք մասնակցում: Ո՞նց հասկանանք ձեր հիմնական հռետորաբանությունը, որ ազգային անվտանգության շահերն եք եկել այստեղ պաշտպանեք: Իսկ Աննա Գրիգորյանի հարցերն էլ ոնց որ գիշերային վիկտորինայի հարցեր լինեն»,-ասաց նա:
Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վիլեն Գաբրիելյանն էլ անդրադարձավ Աննա Գրիգորյանի հարցին՝ ասելով. «Երբ տիկին Գրիգորյանը հարց է տալիս՝ մենք պետական սահման ունե՞նք, ինքը դրանով կասկածի տակ է դնում ՀՀ պետական սահմանը: Ես նման բառապաշար լսել եմ միայն մեր հակառակորդ երկրի ղեկավարից»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ