Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորը չի կարող մեկնել Սոթք-Խոզնավար հատված

Հոկտեմբեր 19,2021 16:04

Ինչո՞ւ է պաշտպանության նախարարությունը աննպատակահարմար համարում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամի այցն առաջնագիծ. այս հարցն այսօր խորհրդարանում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ պատգամավորը տեղեկացրել էր, որ Սոթք-Խոզնավար հատվածում գտնվող սահմանային հենակետեր այցելելու, հանդիպում-զրույցներ եւ դիտարկումներ իրականացնելու իր գրավոր առաջարկին ՊՆ-ից եւ ԳՇ-ից պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում:

Պատգամավորը նաեւ 44-օրյա պատերազմի մասին է ՊՆ-ին ուղարկել հարցում, որին ի պատասխան ստացել է գրություն, որտեղ ասվում է, թե ամբողջական ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել, սակայն հաջորդ նախադասությամբ էլ ամրագրվում է, որ այդ չավարտված ուսումնասիրության հիման վրա ՀՀ ԶՈՒ-ում բարեփոխումներ եւ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում, որոնք հրապարակման ենթակա չեն: Պատգամավորի համար անհասկանալի է այդ գաղտնիությունը, մինչդեռ գործընթացը պետք է համակողմանի քննարկումների արդյունքում լիներ, որոնց մաս պետք է լիներ նաեւ խորհրդարանական այս հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ոչ միայն հանձնաժողովը, այլ ԱԺ-ն այդ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ քննարկելու է ու հորդորեց՝ առաջ չընկնել: Իսկ պետական գերատեսչությունների հետ պատգամավորների կոմունիկացիայի հարցով նա խոստացավ զբաղվել:

Պաշտպանության փոխնախարարն էլ Սոթք-Խոզնավար մեկնելու հարցին անդրադառնալով՝ ասաց, որ պատգամավորին կատեգորիկ չեն մերժել, պարզապես ներկա փուլում նման այցը գտնվել է ոչ նպատակահարմար եւ այդ պատասխանը տրվել է իրավիճակի վերլուծության արդյունքում: Ինչ-որ մի փուլում, ըստ փոխնախարարի, չի բացառվում, որ պատգամավորի համար հնարավորություն ստեղծվի այդ հատվածն ուսումնասիրել ու հորդորեց դա քաղաքական խտրականություն չդիտարկել:

Տիգրան Աբրահամյանն արձագանքեց, որ ԱԱԾ-ն իր մասով խնդիր չի տեսել, ինքն էլ այցելել է, շատ բան է տեսել, որոնց մասին հրապարակային չի պատրաստվում խոսել, առաջարկներ կներկայացնի՝ հօգուտ պետության հարցեր լուծելու նպատակով եւ նկատեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն իրեն ճանաչում է, լավ գիտի, թե ինքն ինչո՞վ է զբաղվում եւ պետք է, որ խնդիր չտեսներ, կամ էլ, պաշտոնական գրագրությունից դուրս որեւէ մեկը կարող էր կապվել եւ քննարկել՝ ի՞նչը, ե՞րբ եւ ինչպե՞ս է հնարավոր կազմակերպել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031