Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրի կյանքի կոչման աշխատանքները»․ Մարթեն Էհնբերգ

Հոկտեմբեր 19,2021 15:27

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:

«Մենք այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչման աշխատանքները»,- ասել է պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը՝ նշելով, որ այցը լավ հնարավորություն է իրավիճակին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և տեղեկատվություն ստանալու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող աջակցությանը: Երկրի զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է հավասարակշռված կառավարման համակարգի առկայությունը, հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա երկրի զարգացման տեսանկյունից լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպանները մտքեր են փոխանակել հետպատերազմյան իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:

Պատասխանելով դիվանագետների հարցերին՝ նախագահ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի ապագան արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացն են: Նա անդրադարձել է նաև հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին (որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին), ինչպես նաև գալիք տարի նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031