Լրահոս
Օրվա լրահոսը

«Թվում է՝ առաջինն այս դատարանի դռնով անցնելն է կարևոր, բայց Ադրբեջանի կարծիքով՝ լավ է լինել ճիշտը, քան առաջինը». Ադրբեջանի ներկայացուցիչը հակադարձեց Եղիշե Կիրակոսյանին

Հոկտեմբեր 19,2021 15:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), հոկտեմբերի 18-19-ին անցկացվում են Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակընդդեմ հայցի հետ կապված լսումներ: Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Հայաստանին մեղադրելով «Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» խախտման մեջ:

Հոկտեմբերի 19-ին Հաագայի դատարանում ընթացավ բանավոր լսումների երկրորդ փուլը: Օրվա առաջին կեսին ներկայացվեց ադրբեջանական տեսակետը: Այս փուլում ևս Ադրբեջանի շահերը ներկայացնող իրավաբաններն իրենց ելույթներում փորձեցին դատարանին համոզել, որ Հայաստանը միտումնավոր տեղադրել է ականներ ադրբեջանական տարածքներում և հիմա էլ չի ցանկանում տրամադրել դրանց տեղակայման վայրերի մասին տեղեկատվություն, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան վերադառնալ իրենց բնակության վայրերը, որտեղից իբր հայերն են իրենց հեռացրել:

Հաագայի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամմադովը, պատասխանելով ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանի այն պնդումներին, թե Ադրբեջանը Հայաստանի քայլերը հայելային արտացոլմամբ կրկնում է, ասաց. «Թվում է՝ մեծ կարևորություն ունի առաջինը լինելը, առաջինն այս դատարանի դռնով անցնելը: Սակայն Ադրբեջանի կարծիքով՝ լավ է լինել ճիշտը, քան առաջինը»: Էլնուր Մամմադովը դատարանի դահլիճում փորձեց վստահեցնել. «Միայն այն բանից հետո, երբ Հայաստանը չցանկացավ համագործակցել, երբ չներգրավվեց բանակցություններում, դրանից հետո մենք որոշեցինք դիմել դատարանին»:

Էլնուր Մամմադովը նշեց, թե Հայաստանը լուրջ վտանգ է ներկայացնում ադրբեջանցիների համար՝ նրանց իրավունքները վտանգված են, Հայաստանը սպառնում է Ադրբեջանին զինված խմբերով, ատելության խոսք է տարածում, հրաժարվում է հետաքննել էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները:

Նա նաև նշեց այն հիմնական պահանջները, որոնք դրել են ներկայացված հայտում: Ադրբեջանի դիմումում մասնավորապես պահանջների շարքում նշված է քարտեզների տրամադրման հետ կապված պահանջը: Պահանջների շարքում է նաև այն, որ ՀՀ-ն պետք է արգելի այն կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում, որոնք ըստ նրանց՝ իբր թե ատելության խոսք են տարածում: Մասնավորապես, նշվում է «Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական ՀԿ-ի մասին:

Երևանի ժամանակով ժամը 19.00-ին, ելույթներով ու հակադարձումներով հանդես կգան հայկական կողմի ներկայացուցիչները: Այսպիսով կավարտվեն Հաագայի դատարանում լսումները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031