Ինչպես նախկինում իմ նկատմամբ հարուցված քրեական գործը՝ այսպես ասած 1977 թվականների արտադրության «անորակ» կրակոցների (սնարյադների) մատակարարման, այնպես էլ այս գործը համարում եմ կեղծ և շինծու: ԱԱԾ-ն նախորդ գործով ինձ շուրջ չորս ամիս ապօրինի պահելով անազատության մեջ, գործի հարուցումից մոտ մեկ տարի անց՝ իմ փաստաբանական թիմի ջանքերով ի վերջո իրականացնելով իբր «ժամկետանց» և «անորակ» կրակոցների իրական փորձարկում, համոզվեց, որ դրանք որակական որևէ խնդիր չեն ունեցել և լիովին համապատասխանել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին և կատարել են մարտական խնդիր։
Չնայած նշված գործով ստացված արդյունքին, այս գործով նույնպես նախաքննական մարմինը՝ Գլխավոր դատախազության հովանու ներքո, շարունակելով արատավոր գործելակերպը՝ առանց որևէ փորձաքննության և փաստացի փորձարկման, կրկին ինձ և մի շարք նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներին ապօրինի կալանավորեց և ներկայումս ցուցաբերելով բացարձակ անգործություն, չի ձեռնարկում գործուն քայլեր փորձարկման գործընթացը սկսելու համար։
Նախաքննական մարմնի գործողությունների ոչ օբյեկտիվ և անտրամաբանական լինելու փաստն արձանագրելու համար պետք չէ իրավաբան լինել կամ այլ հատուկ գիտելիքներ ունենալ, քանի որ դեռևս հուլիս ամսից նշանակված փորձաքննությունը չկատարելով և չփորձարկելով խնդրո առարկա հրթիռները, գլխավոր դատախազությունը և ԱԱԾ-ն, արդեն հայտնի գործելաոճով՝ կալանավորելով մեր պետության անվտանգության ապահովման գործընթացում ուղղակիորեն ներգրավված մի շարք անձանց, նրանց նկատմամբ գործադրելով ճնշումներ և մեղադրելով իբր անսարք և ոչ պիտանի հրթիռներ մատակարարելու և ձեռք բերելու մեջ, պարզապես փորձում են հասարակությանը մոլորեցնել։
Ընդ որում, նշված գործընթացը համեմվում է ինչպես նախաքննական մարմնի կողմից, այնպես էլ՝ դատավարության հետ կապ չունեցող քաղաքական կյանքում ներգրավված անձանց հրապարակային հայտարարություններով։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ ի թիվս մի շարք հանգամանքների, այսպիսի գործեր «սարքելով»` որոշ ուժեր նպատակ ունեն ինձ դուրս մղել այս ոլորտից՝ շահագրգիռ հայտնի այլ անձանց համար ոլորտում ճանապարհ հարթելու համար։ Սակայն վերջին մեկ տարվա վերլուծությունը հիմք է տալիս պնդելու, որ անգամ անհավասար պայմաններում հայտնված «մրցակիցները» տապալել են ամեն ինչ։ Ուստի կարծում եմ, որ հենց այս հանգամանքը պետք է առաջին հերթին հետաքրքրեր ԱԱԾ-ին և այլ պատասխանատու կառույցներին, քանի որ նշվածը ուղղակի սպառնալիք է ՀՀ ԶՈւ մարտունակությանը և երկրի անվտանգությանը։
Միաժամանակ, ցանկանում եմ հստակ նշել, որ չնայած տևական ժամանակ իմ և իմ կողմից ղեկավարվող ընկերությունների նկատմամբ իրականացվող ապօրինություններին, որոնք բացասաբար են անդրադառնում ինչպես մատակարարման գործընթացների, այնպես էլ՝ գործընկեր պետությունների և կազմակերպությունների մոտ մեր նկատմամբ առկա տարիների աշխատանքով ձեռք բերված բարձր վստահության և բարի համբավի վրա, մեր թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի անգամ ստեղծված պայմաններում պատշաճ կարգով իրականացնի մատակարարման իր բոլոր պարտավորությունները։
Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ