ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց կառավարության ներկայացրած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են, ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որեւէ գործողություն կատարելիս, ուղեկցել եւ ստիպել ՀՀ օդային տարածքում գտնվող օդանավին կամ այլ թռչող սարքի վայրէջք կատարել ՀՀ օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,- կառավարության առաջարկը մանրամասնեց փոխնախարարը՝ հավելելով՝ օրենքի կարգավորման գործունեությունն ապահովելու համար հարկավոր է հստակեցնել, թե ի՞նչ կարգով է կատարվելու այդ գործողությունը: Նման կարգավորում «Պետական սահմանի մասին» օրենքում չկա. «Նման իրավիճակներում պետական կառավարման ո՞ր մարմինները պետք է իրար հետ աշխատեն. օրինակ` ԱԻՆ-ը, ՊՆ-ն պիտի իրար հետ համագործակցեն, ով պիտի հրաման տա, որքան ժամանակում պետք է տվյալ գործողությունները կատարվեն և այլն»: Օրենքի փոփոխությունը միտված է ընթացակարգը հստակեցնելուն:
Հարակից զեկուցող, իշխող խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ մանրամասնեց՝ 2001-ին ընդունված օրենքում արդեն 20 տարի է իրավական բացթողում կա. «Սա ուղղակի իրավական բացթողում է եղել, եւ չի սահմանվել, որ կառավարությունը լիազորություն ունի հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգ սահմանել։ Պետք է օրենքում փոփոխություն կատարել եւ լիազորել կառավարությանը, որ այդ կարգը սահմանի, թե ինչ զինատեսակներ են կիրառվելու, ինչպես եւ ինչ կարգով»:
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն, օգտվելով առիթից, որ փոխնախարարը խորհրդարանում է, սահմանային իրավիճակին վերաբերվող հարցեր հնչեցրեցին: «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ներկայացված նախագծի հետ կապված ընդդիմությունը հարցեր հիմնականում չունի, բայց, հաշվի առնելով, որ պաշտպանության փոխնախարարը հստակ պատասխաններ չտվեց ՀՀ սահմանների ներկա վիճակին վերաբերող իրենց հարցերին, իրենք նախագծի քվեարկությանը չեն մասնակցի։
Կարդացեք նաև
Նախագծի օգտին քվեարկեցին միայն իշխող ուժը ներկայացնող պատգամավորները: Առաջիկայում այն կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ