Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նույնիսկ ԱԱԾ-ն սխալ բան է արել, հիմա դուք լեգիտիմացնում եք». Արման Սարգսյանը Աննա Գրիգորյանին՝ Փայլասարի մասին

Հոկտեմբեր 19,2021 14:02

«Փայլասարի հետ կապված ԱԱԾ-ն արդեն պաշտոնական հաղորդագրություն ներկայացրել է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Հիշեցնենք, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր օրերս գրառում կատարել սոցցանցի իր էջում, որ Փայլասարի բարձունքը հանձնվել է հակառակորդին: Պաշտպանության փոխնախարարը լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դրանք պետական գաղտնիքի տարրեր են պարունակելու եւ հավաստիացրեց, որ ոչ ՊՆ-ն, ոչ այլ պատկան մարմին ոչինչ չեն թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել՝ հանրայնացնում են:

Նա չպատասխանեց հարցին՝ Փայլասարում հայկական հենակետ կա՞, թե՝ ոչ, կարո՞ղ են լրագրողների այց կազմակերպել այդ ուղղությամբ եւ հորդորեց հետեւել պաշտոնական լրահոսին:

Նիստի ժամանակ նաեւ Աննա Գրիգորյանն էր նման հարց ուղղել Արման Սարգսյանին: «Ես վերջերս հարց էի ուղղել Փայլասարի որոշակի հատվածի կամ սարի՝ ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողությանն անցնելու մասին։ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում՝ խորամուխ չլինելով բուն հայտարարության բովանդակության մեջ, ասում է, որ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պաշտպանությունը նշված հատվածում։ Որքանով ինձ է հայտնի, ադրբեջանցիներն այդտեղ հայտնվել են GPS սարքի միջոցով, այնտեղ տեղակայվել են՝ առանց հստակ դելիմիտացիա իրականացնելու։ Այդ ե՞րբ է տեղի ունեցել դելիմիտացիա, որ մենք դրան ականատես չենք եղել։ Ի՞նչ պետական սահմանի մասին է խոսք գնում Փայլասարի հատվածում։ Ինչո՞ւ է ԱԱԾ-ն խոսում պետական սահմանի մասին, երբ պետական սահման դեռևս ձևավորված չէ։ Ի վերջո, դա լեգիտիմացնում է այն, որ ադրբեջանցիներն այս պահին գտնվում են ճիշտ այն դիրքում, որտեղ պետք է գտնվեին»։

Փոխնախարարը պատասխանեց. «Եթե դուք այդ պատասխանում տեսնում եք որոշակի հակասություններ, կարծում եմ՝ ԱԱԾ-ն կփարատի ձեր մտահոգությունները կամ կտա կողմնորոշիչ մեկնաբանություններ։ Պետական սահմանի դեմարկացիա եւ դելիմիտացիա տեղի չի ունեցել, որի մասին գիտեք նաեւ դուք։ Բազմիցս հրապարակային ելույթներում հնչել են, որ նույնիսկ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ վերջնական տեղի չի ունեցել։ Տարիներով դրանք քննարկվող, վիճելի հարցեր են։ Լավ չէ, որ մենք այսօր արդեն սկսել ենք նմանատիպ թեմաներ քննարկել, թե ինչ քարտեզներ, մարդկանց գերակշիռ մասն ասում է՝ այս թվականի քարտեզ, մարդ կա ասում է՝ այս քարտեզը հաստատված է, մյուսը՝ հաստատված չէ։ Բայց ասեմ, որ դեռեւս սահմանազատման եւ սահմանագծման պրոցես տեղ չի ունեցել»։

Արման Սարգսյանը հավելեց․ «Եթե նույնիսկ ԱԱԾ-ն սխալ բան է արել, հիմա դուք լեգիտիմացնում եք»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՀ ՄԻՊ-ն էլ օրերս հայտարարություն էր տարածել, որ հայկական տարածքներում ադրբեջանական զինված ուժերը ամրաշինական աշխատանքներ են կատարում, պաշտպանության փոխնախարարն ասաց՝ մարդու իրավունքների պաշտպանին չի արձագանքում, ՄԻՊ-ն է հայտարարություն տարածել՝ հորդորեց նրանից էլ ստանալ պարզաբանումներ: Նա զերծ մնաց ներկայացնել նաեւ հայկական դիրքերում իրականացվող ձմեռային ծառայության նախապատրաստական աշխատանքների մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031