ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, այսօր բուռն քննարկում ծավալվեց Հայաստանի սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների այն դիտարկումների, որ հանձնաժողովի նախագահը եւ իշխանական պատգամավորները հատուկ տապալում են իրենց նախաձեռնությունը՝ այդ հարցով արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Ընդդիմադիրները, հիշեցնենք, ցանկանում եմ պարզաբանումներ լսել ՀՀ ԱԱԾ տնօրենից, ՀՀ ԱԳ նախարարից, ՀՀ պաշտպանության նախարարից, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետից, ՀՀ Գլխավոր դատախազից, մասնավորաբար, Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հակադարձելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ նկատեց, որ ընդդիմադիր պատգամավորն ասում է, թե իշխանությունը հանձնաժողովի արտահերթ նիստ չի անում՝ խուսափելով պատկան գերատեսչությունների ղեկավարներին՝ ընդդիմադիրների կողմից տրվելիք հարցերից, մինչդեռ իրենց հրավիրած արտահերթ նիստից մի քանի օր առաջ կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ժամանակ, կառավարության անդամները, այդ թվում նաեւ պաշտպանության նախարարը, խորհրդարանի դահլիճում էին եւ ընդդիմադիր որեւէ պատգամավոր, որեւէ հարց չհնչեցրեց՝ վիճելի թեմայի վերաբերյալ, մանավանդ, որ ընդդիմադիրները նշել էին, թե իրենց հարցերը վերաբերվում են պետական գաղտնիք չպարունակող տեղեկությունների:
Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ինքը եւ մյուս ընդդիմադիր պատգամավորները գրավոր հարցեր էին ուղարկել, այդ պատճառով էլ իրենց հարցերը հրապարակային չեն հնչեցրել խորհրդարանի դահլիճում: Նա նաեւ տեղեկացրեց, որ պատասխանները ստացել է եւ դրանք ոչինչ չասող են: Իշխանական պատգամավորը տարակուսեց՝ այդ դեպքում ի՞նչ խնդիր կար, արդյոք զուտ աղմուկ բարձրացնելը եւ տպավորություն ստեղծել, թե իրենք բուռն գործունեություն են ծավալում ու մի քանի հարցազրույց տալը:
Իշխանական պատգամավորի կասկածները փարատելու համար Գեղամ Մանուկյանը ընթերցեց վեց ծավալուն հարցերը, որոնք գրավոր ուղարկվել են ՊՆ.
Կարդացեք նաև
1.Արդյոք 2020-ի դեկտեմբերի 17-18-ին եւ դրան հաջորդող օրերին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ու կամավորական խմբերի հետքաշման համար տրվել է գրավոր պաշտոնական հրաման: Եթե այո, ապա ում կողմից, խնդրում եմ տրամադրել դրա պատճենը:
2.Նման հրամանի առկայության պարագայում ինչի՞ հիման վրա է այդպիսի որոշում կայացվել:
3.ԶՈՒ ստորաբաժանումների եւ կամավորական խմբերի հետքաշումից առաջ Հայաստանի, այդ թվում պաշտպանության նախարարի կողմից տսորագրվե՞լ է որեւէ փաստաթուղթ՝ անկախ փաստաթղթի կարգավիճակից, որեւէ այլ երկրի կամ երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ:
4.Եթե այո, ապա կոնկրետ ում կողմից է ստորագրվել; Խնդրում եմ տրամադրել պատճենը:
5.Եթե այո, ապա արդյոք նախքան դրա ստորագրումը բանակցությունների համար հայկական կողմից կազմավորվել է պատվիրակություն, ում գլխավորությամբ եւ ում հանձնարարությամբ: Տրամադրել նաեւ այդ պատվիրակության անհատական կազմը եւ դրա ստեղծման իրավական հիմքերը:
6.Նման փաստաթղթի ստորագրման դեպքում արդյոք դա համաձայնեցվել է ՀՀ վարչապետի, ՊՆ-ի, ԳՇ-ի, ԱԳՆ-ի հետ եւ ինչ ձեւաչափով է համաձայնեցվել:
ՊՆ-ն պատասխանել է. «Ձեր բարձրացրած հարցերը ՀՀ ՊՆ-ի իրավասությունից եւ լիազորությունից դուրս են»:
Ավելի ուշ, ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ այդ հարցերը բոլոր գերատեսչություններին են ուղղվել եւ բոլորն են այդպես պատասխանել, ուստի իրենք չեն կարողանում հասկանալ՝ կա՞ մեր երկրում որեւէ պետական կառույց, որը իրավասու է եւ զբաղվում է պետական կարեւորություն ունեցող հարցերով: Հակադարձելով իշխանական պատգամավորին էլ նկատեց, որ ԳՇ պետը, դատախազը, ԱԱԾ պետը լիագումար նիստերին չեն լինում, ուստի այդ մասով դիտողություններն անտեղի են. «Այդ նիստը պետք է հրավիրվեր, դա կանոնակարգի պահանջն էր։ Եթե դուք գտնում եք, որ լիագումար նիստերին ներկայանում են այդ պաշտոնատար անձինք, եւ մենք ունենք հնարավորություն մեր հարցերը նրանց ուղղելու, ապա այդ դեպքում եկեք փոխենք ու վերացնենք այդ կանոնակարգերը՝ մեկ քառորդով նիստ հրավիրելու։ Բոլոր հարցերը կուղղենք արդեն լիագումար նիստին, էլ ինչի՞ է պետք հանձնաժողովի նիստը, խորհրդարանական վերահսկողությունը։ Գուցե կարիք չկա՞ հրավիրել գլխավոր դատախազին, նաեւ գլխավոր շտաբի պետին, որը նույնպես չի ներկայանում լիագումար նիստերին։ Կառավարության հետ հարցուպատասխանը երբեք չի կարող փոխարինել հանձնաժողովում բովանդակային ու խորքային քննարկումներին։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պահանջում ենք արտահերթ նիստ հրավիրել մեկ քառորդով, սակայն նիստը չի կայանում, որը չկայանալու պատճառ չպետք է ունենար»:
Անդրանիկ Քոչարյանի բացատրությունները, թե հարցը կանոնակարգ օրենքի կարգավորման դաշտում է, Արթուր Ղազինյանը չի ընդունում: Անդրանիկ Քոչարյանն էլ Արթուր Ղազինյանին խնդրեց՝ մանրակրկիտ ուսումնասիրել կանոնակարգը կամ այդ օրենքի մանրամասներին տիրապետող իրավաբանների հետ շփվել:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, որ կարելի էր առաջարկել նիստի փակ ռեժիմ եւ ընդդիմադիրների համար էլ հստակ կլիներ, որ պատկան պաշտոնյաները պատրաստ են հաշվետու լինել խորհրդարանին՝ այդ նիստի շրջանակներում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ