Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձայներդ մի բարձրացրեք ինձ վրա». լեզվակռիվ Գեղամ Մանուկյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջեւ

Հոկտեմբեր 19,2021 12:55

«Հայաստան» դաշինքն ութերորդ անգամ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջարկել էր խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանն, այսօր կայացած հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ հարցը թնջուկ է դարձել եւ կրկին հիշեցրեց, որ ընդդիմության ջանքերով է տարիներ առաջ ընդունվել եւ Սահմանադրությամբ ամրագրվել դրույթը, որ հանձնաժողովի նախագահի կամ փոխնախագահի, խորհրդարանի փոխնախագահ պաշտոնում իր թեկնածուին առաջադրում է ընդդիմադիր խմբակցությունը՝ իր նախընտրությամբ ու նկատեց, որ ամեն անգամ հարցը ձգձգելով՝ իշխանությունը խնդիր է հարուցում թե հանձնաժողովի աշխատանքը, թե հանրության աչքի առաջ:

«Մի բան հստակ է՝ իշխող ուժը չի կարող «Հայաստան» դաշինքի փոխարեն թեկնածու առաջադրել, չի կարող պարտադրել իր որոշումը»,- կրկնեց ընդդիմադիր պատգամավորը՝ դժգոհելով նաեւ իշխանական մեծամասնությունից եւ հանձնաժողովի նախագահի «արհեստական պատճառաբանություններից», ինչի արդյունքում երկու անգամ չի կայացել նաեւ ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը՝ տարբեր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ Հայաստանում սահմանային իրավիճակներին վերաբերվող թեմայով:

Նա տեղեկացրեց, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները՝ օգտվելով իրենց կանոնադրական իրավունքից՝ ԱԺ հատուկ նիստ կհրավիրեն Հայաստանում սահմանային հարցերի վերաբերյալ, որպեսզի ՀՀ քաղաքացիները նախապես իմանան, թե ի՞նչ է կատարվում:

Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը ընդդիմադիր պատգամավորին զգուշացրեց, որ օրակարգից շեղվում է եւ, որ ՀՀ պետական սահմանների մասին օրենքում փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ այդ հարցերին հնարավորություն կլինի անդրադառնալու եւ հորդորեց խոսել միայն Արթուր Ղազինյանին վերաբերվող հարցի մասին:

Գեղամ Մանուկյանին դուր չեկավ դիտողությունը: «Ձայներդ մի բարձրացրեք ինձ վրա: Երբ ես խոսում եմ՝ ձայն չբարձրացնեք»,- բղավեց Գեղամ Մանուկյանը՝ ստանալով դիտողություններ եւ հակադարձումներ այն մասին, որ ինքը ոչ միայն օրակարգից է շեղվել, այլ նաեւ իրեն հատկացված ժամանակն է գերազանցել:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ արտահերթ նիստեր անել-չանելը եղել է կանոնակարգ օրենքով, այլապես կլիներ օրենքի խախտում եւ հորդորեց գնահատականներ չտալ:

Ինչ մնում է Արթուր Ղազինյանի հարցին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իշխող ուժը գտնում է, որ հարցը փակուղում է եւ այլընտրանքային լուծումներ կառաջարկի, որոնց արդյունքում հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը կրկին կմնա «Հայաստան» դաշինքին, բայց այլ թեկնածու առաջադրելու մեխանիզմ կենթադրի:

Արթուր Ղազինյան

Քննարկումն ավարտվեցին նրանով, որ Արթուր Ղազինյանը հրաժարվեց հարցերին պատասխանելուց եւ իր եզրափակիչ ելույթից, քանի որ 60-ից ավելի հարցերի արդեն պատասխանել է եւ հորդորեց անցնել քվեարկության: Հանձնաժողովն ութերորդ անգամ չընտրեց Արթուր Ղազինյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031