Շվեյցարիայում հիմնադրված «Ավետիս» մշակութային միությունը, որի նպատակն է տարածել հայ մշակույթը, ներկայացնել հայ երաժիշտ արվեստագետներին` Եվրոպայում, այս տարի նշում է հիմնադրման 10-ամյակը: «Ավետիսը» հիմնադրել է շվեյցարաբնակ օպերային երգչուհի, սոպրանո Վարդուհի Խաչատրյանը:
Aravot.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ այս տարիների ընթացքում հայկական մշակույթն ամենաբարձր մակարդակով են ներկայացրել Եվրոպայում: Նրա խոսքով, «Ավետիսը» աշխարհահռչակ արվեստագետների միջոցով, որոնց թվում են՝ Մաքսիմ Վենգերովը, Միխայիլ Պլետնյովը, Անջելո Գեորգիուն, Էլինա Գարանչան, Խաթիա Բունիաթիշվիլին, Մարթա Արգերիխը եւ այլ մեծանուն երաժիշտներ, շվեյցարացի ունկնդրին է ներկայացրել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ներկայացվել են նաեւ հայազգի լավագույն երաժիշտները՝ Սերգեյ Խաչատրյան, Նարեկ Հախնազարյան, Բարսեղ Թումանյան, Վագ Պապյան, Տիգրան Համասյան, Հովհաննես Այվազյան եւ ուրիշներ:
Վարդուհի Խաչատրյանը տեղեկացրեց, որ «Ավետիսի» հոբելյանական միջոցառումների շրջանակում այս տարի աշխարհահռչակ երաժիշտների երկու մենահամերգ է կազմակերպվել: «Երկու երաժիշտների համերգները շատ խորհրդանշական են մեզ համար, քանի որ երկուսի հետ է «Ավետիսը» սկսել իր առաջին քայլերը, հետագայում նաեւ հաջողությամբ տարբեր նախագծեր իրականացրել»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նրանցից մեկը Խաթիա Բունիաթիշվիլին է, որի համերգը կայացել է հոկտեմբերի 13-ին՝ լեփլեցուն դահլիճում: «Դա լոկդաունից հետո Ժնեւում առաջին ամբողջապես վաճառված տոմսերով համերգն էր, որին ներկա էր նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Հաջորդ համերգը կկայանա նոյեմբերի 8-ին: Այս անգամ հանդես կգան աշխարհահռչակ Մաքսիմ Վենգերովն ու մեր ճանաչված դիրիժոր, դաշնակահար Վագ Պապյանը: Դա կլինի երկրորդ նվերը «Ավետիսի» հիմնադրման տասնամյակին: Իսկ առաջին նվերը, ինչպես արդեն նշեցի, Խաթիա Բունիաթիշվիլիի մենահամերգն էր»,-ասաց Վարդուհի Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ