Բելգիացի պատգամավորը Էրդողանի օսմանական նկրտումների և Հարավարևելյան Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնությունների խնդիրների մասին
Անցյալ շաբաթ ազատ լրագրող Յակոբ Կյուրումը «Ասիրիա» հեռուստաընկերության համար (Assyria TV) հարցազրույց է անցկացրել Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինի հետ Հարավարևելյան Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ (ամբողջական հարցազրույցը հոլանդերենով` այստեղ):
Պատասխանելով հարցին, թե արդյոք Էրդողանն ունի օսմանական հավակնություններ՝ տիկին Սամինը հիշատակել է անցյալ տարվա արցախյան պատերազմը և հայերի դեմ իրականացրած ռազմական հանցագործությունները: «Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին Հայաստանի դեմ այդ պատերազմում, ինչը ցույց է տալիս, որ Էրդողանի միակ նպատակը Օսմանյան կայսրության ընդլայնումն է. նա ամեն կերպ ձգտում է մեծացնել իր վերահսկողությունը հարևանների նկատմամբ»,- ասել է տիկին Սամինը:
Յակոբ Կյուրումի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարները ցուցադրվելու են «Armenië en het conflict in Nagorno-Karabach» («Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը») ցուցահանդեսին, որը կայանալու է Բելգիայի Անտվերպեն քաղաքում 2021 թվականի նոյեմբերի 6 –ին՝ Բելգիայի ժամանակով ժամը 14:00-ին (միջոցառման մանրամասներն այստեղ):