Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ լարվածության թուլացման ամենաարդյունավետ միջոցն այն կանխելն է: Իսկ դրա համար միանշանակ պետք է Արցախում հրաժարվել երկակի ստանդարտներից: Մարտակերտցի գյուղացու գնդակահարության փաստին միանշանակ գնահատական չտալը բերեց սահմանային աննախադեպ լարվածության, որը լիովին օրինաչափ էր: Եթե նման միջադեպերի մեղավորները չբացահայտվեն, ապա դրանք բերելու են շղթայական ապակայունացման:
Նոյեմբերի 9-ից հետո, երբ խաղաղության երաշխավորը ՌԴ խաղաղապահ զորախումբն է, հրադադարի ցանկացած խախտման, առավել եւս՝ խաղաղ բնակչի սպանության փաստին միանշանակ գնահատական չտալն առարկայորեն հանգեցնելու է ապակայունացման: Իսկ սահմանին ապակայունացումն առաջին հերթին հարցականի տակ է դնում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությունը: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիների ցանկացած նման սադրիչ քայլ ուղղված է ՌԴ խաղաղապահների դեմ: Հետեւաբար, նման միջադեպերին միանշանակ գնահատական տալը եւ դրանով դրանք կանխելն անհրաժեշտություն են հենց խաղաղապահ առաքելության գնահատման առումով: Դա արդեն ՌԴ պատվի հարցն է, որը, սակայն, բխում է առաջին հերթին Արցախի Հանրապետության քաղաքացիների եւ ԱՀ-ի անվտանգության շահերից:
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, թե ցանկացած վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, բնականաբար, ճշմարտություն են, սակայն այսօր խոսքը Արցախի Հանրապետության փոքր տարածքի բնակչության անվտանգության եւ նրան էթնիկ զտումից ու ցեղասպանությունից պաշտպանելու մասին է: Այն դեպքում, երբ Արցախի տարածքի զգալի մասն օկուպացված է, իսկ մնացածի գրեթե 50 տոկոսը սահմանամերձ համայնքներ են կամ թշնամու զինծառայողի հրաձգային զինատեսակների կրակի հեռավորության վրա, հրադադարների նման խախտումները եւ խաղաղ բնակչության թիրախավորումը հարվածում են առաջին հերթին խաղաղապահների առաքելության գաղափարախոսությանը: Եթե չի երաշխավորվելու խաղաղ բնակիչների անվտանգությունը, ապա հատկապես ՌԴ-ի հետ չդաշնակցող պետությունները շատ շուտով հարց կբարձրացնեն, թե նման միջադեպերի պայմաններում ո՞րն է խաղաղապահ առաքելության դերը, առավել եւս, որ այսօր համապատասխան ուժային կենտրոնները գոհ չեն Արցախում խաղաղապահ առաքելության ձեւաչափից եւ անպայման նման միջադեպերը կօգտագործեն այն փոխելու նպատակով:
Այսօր եթե Արցախում հրադադարի ցանկացած խախտման դեպքի միանշանակ եւ հասցեական գնահատական չտրվի, ապա իրավիճակն արագ դուրս կգա վերահսկողոթյունից, քանի որ հայկական կողմը երբեք չի հանդուրժի իր քաղաքացու, առավել եւս խաղաղ հողագործի գնդակահարությունը: Այդ արարքին պատասխանը կտրվեր բոլոր ժամանակներում, նույնիսկ եթե հայի ձեռքին զենքերից միայն գերանդի եւ եղան լինեին, իսկ այն դեպքում, երբ հայկական պետությունների սահմաններին կանգնած են անհրաժեշտ մակարդակով սպառազինված Արցախի եւ Հայաստանի զինված ուժերը, ապա այդ գերանդիները եւ եղանները նաեւ «կկրակեն»: Եթե Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու գործընթացը նման սահմանային միջադեպերի ֆոնին է պատկերացնում, ապա հայկական կողմը ստիպված է համակերպվել թելադրվող իրողությանը եւ պարտադրված է նույն կերպ ընկալել տարածաշրջանային խաղաղ մթնոլորտի թելադրվող պատկերը՝ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել սադրանքների քաղաքականությունից:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: