Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր փոփոխությունն այն է, որ ՏԻՄ-երը դարձան համամասնական. Էմին Երիցյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 19,2021 10:45

Երկու խոշոր քաղաքներում՝ Գորիսում եւ Մեղրիում, ՔՊ-ն պարտվեց «Առուշ Առուշանյան» դաշինքին եւ «Հանրապետություն» կուսակցությանը: Մյուս ապտակը ՔՊ-ն ստացավ Գյումրիից՝ «Բալասանյան դաշինքի» հաղթանակով: Եթե Գորիսում ընդդիմության հաղթանակը սպասելի էր ու հետեւանք էր Առուշ Առուշանյանի՝ սիրված կերպար լինելու, ինչպես նաեւ հակազդեցություն էր իշխանության կողմից սանձազերծված հետապնդումներին, ապա Մեղրիի արդյունքներն անսպասելի էին: Արամ Սարգսյանի կուսակցությունը, որը 2007-ից հետո, ունակ չլինելով անցողիկ շեմը հաղթահարելու, ինքնուրույն չի մասնակցել ոչ մի ընտրության, հանկարծ ստանում է քվեների 43 տոկոսը, այն դեպքում, երբ Մեղրիում անգամ մի քանի հոգանոց գրասենյակ չունի: Հիշեցնենք․ ՔՊ-ն այստեղ մոտ 33 տոկոս է տարել, Սամվել Բաբայանի Ազատականը՝ 14.4, եւ մոտ 10 տոկոս՝ Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիրը»:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հարցին, թե հնարավո՞ր է այս խայտաբղետ կազմի պատճառով ներքին անհամաձայնություններ լինեն, եւ ավագանին լիարժեք չաշխատի, պատասխանում է. «Օրենքով սահմանված լիազորություններ կան, անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժեր են, նրանք պարտավոր են իրականացնել: Այդ հարցում ոչ մի նոր մոտեցում չկա: Նախկինում էլ ավագանու մեջ որոշումներն ընդունվում էին կոմպրոմիսի արդյունքում: Պարզապես նախկինում անհատներ էին, իսկ հիմա կլինեն քաղաքական թիմեր, ու ավելի հեշտ կլինի ընդհանուր համաձայնության գալ: Ինչ մնում է քաղաքականացվելուն՝ ՏԻՄ մարմինները քաղաքական են, եւ դրանք պետք է քաղաքականացված լինեն, դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Համայնքների զարգացումը դրանից չի տուժի»: Ըստ Երիցյանի, գլխավոր փոփոխությունն այն է, որ ՏԻՄ-երը դարձան համամասնական: Իսկ ինչո՞վ է բացատրում, որ դաշինքները, կուսակցությունները, որոնք չնչին տոկոսներ են հավաքել, հաղթում են ՔՊ-ին:

«Դեռ նոր է պրոցեսը: Ընտրության ժամանակ անհատի, տվյալ թեկնածուի, անձի գործոնը նշանակություն ունի: Առաջին անգամ է կուսակցությունների մասնակցությունը, բայց դեռ անհատականացված ընտրություն է լինում: Ավագանիների ամեն ցուցակում էլ կան անհատներ, որոնց շուրջ են մոբիլիզացվում»:

Մեղրու, Գյումրիի արդյունքները ցույց տվեցին, որ հայկական հայտնի «ինադի» գործոնը սկսել է աշխատել նաեւ ՔՊ-ի դեմ: Քաղաքականապես ակտիվ զանգվածը նիկոլականներին էլ ձայն չի տալիս, բայց նախկինների վերադարձի վախի առկայությամբ նախընտրում է մերձիշխանական, անորոշ ու փոքր վարկանիշ ունեցող ուժերին: Փաստորեն, ՔՊ-ի` ՏԻՄ-երը գրավելու ծրագիրը ձախողվում է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031