«Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանը զոհ է»,- հակադարձելով ադրբեջանական կողմի պնդումներին՝ հայտարարեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը:
Հիշեցնենք՝ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), հոկտեմբերի 18-19-ին անցկացվում են Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակընդդեմ հայցի հետ կապված լսումներ: Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ մեղադրելով «Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» խախտման մեջ:
Եղիշե Կիրակոսյանը դատարանին վստահեցրեց՝ Ադրբեջանը Հայաստանի բոլոր քայլերը հայելային ձևով կրկնում է. «Ադրբեջանի դիմումը կառուցված է կեղծ համարժեքության սկզբունքով, դա տակտիկական կերպով այնպես է գծագրված, որ տպավորություն ստեղծվի, թե հենց ինքը՝ Ադրբեջանն է զոհը»:
Եղիշե Կիրակոսյանը թվարկեց, թե Հայաստանը, երբ հարց բարձրացրեց, որ Ադրբեջանը ատելության խոսք է տարածում, նույնը արեց Ադրբեջանը՝ պնդելով, թե Հայաստանն է դա անում, երբ Հայաստանը դիմում է մշակութային ժառանգության ոչնչացման խնդրով, նույնն անում է Ադրբեջանը, Հայաստանը դիմեց դատարանին, ուղիղ մեկ շաբաթ անց նույնն արեց Ադրբեջանը:
Եղիշե Կիրակոսյանը, չցանկանալով կենտրոնանալ և դատարանին ներկայացնել մանրամասներ, հավաստիացրեց՝ Ադրբեջանը Խոջալուի դեպքերի մասին է խոսում՝ խեղաթյուրելով իրականությունը ու հավելեց. «Արդյոք արժե՞, որ ես խոսեմ էթնիկ հայերի ցեղասպանության մասին Գանձակում, Մարաղայում, Սումգայիթում: Ոչ, ես դա չեմ անի: Հիմա դրա ժամանակը չէ: Ես չեմ էլ պատկերացնում՝ ինչքանով դա դատարանի համար արդյունավետ կլինի:
Կարդացեք նաև
Եղիշե Կիրակոսյանը նաև հայտարարեց՝ Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում այն մասին, թե ովքեր ու ինչ նպատակով են տեղադրել ականները Արցախի սահմաններին ու մանրամասնեց. «Հարյուր հազարով ականներ հենց Ադրբեջանի կողմից են տեղադրվել 1990-ականներին: Մենք բոլորս էլ տուժել ենք ականներից: Մենք ցավում ենք ամեն կորսված կյանքի համար՝ անկախ մարդու էթնիկ պատկանելիությունից։ Տասնամյակներ շարունակ իմ երկիրը փորձել է ամբողջական ականազերծում իրականացնել, սակայն Ադրբեջանը հետևողականորեն արգելել է հումանիտար առաքելությունները՝ իմանալով, որ հիմնական շահառուները հայկական ծագում ունեցող անձինք էին: Եվ միայն հիմա, երբ այդ մարդիկ տեղահանվել են, Ադրբեջանը հանկարծ բացահայտել է ականազերծման արժեքը»:
Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ադրբեջանական ղեկավարության հետ և այդ թվում նաև քարտեզների հարցը քննարկել. «Արդեն երկու առիթով մենք քարտեզներ տրամադրել ենք Ադրբեջանին, մինչդեռ դրա պարտավորությունը չունենք: Մենք պատրաստ ենք դա անել հումանիտար խնդիրների լուծման համար: Բայց անգամ այժմ, երբ մենք կանգնած ենք դատարանի առաջ, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ներխուժում ՀՀ-ի ինքնիշխան տարածք, շարունակաբար թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերն ու քաղաքացիական անձանց»:
Հայաստանի շահերը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մըրֆին էլ հայտարարեց՝ հայկական կողմի՝ ականազերծման աշխատանքներում ներգրավված է եղել բրիտանական Halo trust կազմակերպությանը, որը ականազերծում չի իրականացրել միայն սահմաններին, քանի որ դրանք համարվել են ռազմական գոտի: Նա շեշտեց. «Ականազերծման վերաբերյալ այս միջնորդությունը ակնհայտորեն հիմնված է բոլոր ադրբեջանցիների, ոչ թե կոնկրետ էթնիկ ծագման մարդկանց դեմ ենթադրյալ վնասակար հետևանքները կանխելու համար։ Պրոֆեսոր Լոն, այս առավոտյան անձամբ անդրադառնալով ականապատ դաշտերի վնասակար հետևանքներին, ասաց` Ադրբեջանի ժողովուրդը, նա չասաց՝ ադրբեջանական էթնիկ ծագում ունեցող մարդիկ։ Ինչպես նշված է Ադրբեջանի հայցի մեջ, Ադրբեջանը բազմազգ երկիր է, որը ներառում է նշանակալի թվով հայերի, երկիր, որը կազմված է հիսունից ավելի էթնիկ խմբերից, հետևաբար Ադրբեջանում ականազերծումը անհրաժեշտություն է Ադրբեջանի բոլոր քաղաքացիների համար և ոչ թե միայն մի էթնիկ ադբեջանցիների համար»։
Հայկական կողմի հակադարձումներից հետո ՄԱԿ-ի դատարանում լսումները եզրափակվեցին: Դրանք կշարունակվեն վաղը. Երևանի ժամանակով ժամը 12:00 իրենց դիրքորոշումները կներկայացնեն Ադրբեջանի ներկայացուցիչները, երեկոյան՝ ժամը 19:00-ից՝ դատարանը կլսի հայկական կողմի հակադարձումները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ