Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «Իսկ ո՞վ է Գեղարքունիքի մարզպետը, որ զինված ուժերի ամրաշինական աշխատանքների հետ կապված կարող է տեղեկություն հաղորդել»

Հոկտեմբեր 18,2021 22:25

Լրագրողների հարցին, թե որքանո՞վ են հավաստի Գեղարքունիքի մարզպետի պնդումները, թե ադրբեջանցիները մխրճված տարածքներում ամրաշինական աշխատանքներ չեն կատարում եւ որ մեր զինվորների 80 տոկոսը վրանների տակ չէ, տնակներում է, իսկ մնացած 20 տոկոսի հարցն էլ մինչեւ ձմեռ ամեն դեպքում կլուծվի, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց կարճ ու հստակ.

«Իսկ ո՞վ է Գեղարքունիքի մարզպետը, որ զինված ուժերի ամրաշինական աշխատանքների հետ կապված կարող է տեղեկություն հաղորդել, որն ինձ բավարարի, կամ դրա հիման վրա կառուցեմ իմ խոսքը կամ հետագա գնահատականները: Նախ, դրա հասցեատերը Պաշտպանության նախարարությունն է, ԶՈՒ գլխավոր շտաբը, քաղաքական ղեկավարությունը, որը իրավիճակի հետ կապված կարող է իրական գնահատական ներկայացնել: Երկրորդ. Այն հատվածները, որտեղ Ադրբեջանը մխրճվել է, միայն Գեղարքունիքի մարզով չի սահմանափակվում: Նաեւ Սյունիքի մարզում հատվածներ կան, նաեւ Վայոց Ձորի հատվածում: Եվ այն գնահատականները, այն մոտեցումները, որոնց ես եմ տիրապետում, շատ հեռու են այդ գնահատականներից, որոնք տվել է մարզպետը:

Ես նույնիսկ պաշտոնական աղբյուրներից ստացվող տարբեր տեսանյութերում, որտեղ, բնական է, բավականին սահմանափակումներով են կադրերն արվում, երբ վերլուծության եմ ենթարկում, այնտեղ էլ մեծ թվով խնդիրներ կան: Տնակը, առհասարակ, կացարանը պաշտպանական համակարգի դետալներից մեկն է, օրինակ, 1/100 մասը: Եվ այն մարդիկ, ովքեր վրանների փոխարինումը տնակներով դիտարկում են որպես համակարգում անհրաժեշտ աշխատանքների իրականացում կամ ամբողջացում, նրանք կամ մոլորեցնում են մեր հասարակությանը, կամ ուղղակի չեն տիրապետում իրավիճակին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031