Ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել «ՀՀ կառավարության 1998թ․ հ․ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» որոշման նախագիծ, որտեղ բազմաթիվ հարցեր են ծագում ոչ միայն իրավական ակտերի աստիճանականության, նախագծի հիմնավորման, այլև դրա պրակտիկ կիրարկման և նպատակայնության վերաբերյալ։
1.Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի համար սահմանել 2 տարի առավելագույն ժամկետ, դրանով իսկ իրագործելով Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021): Սա է նախագծի միակ հիմնավորումը։ Թե ինչ է իրենից ներկայացնում, ինչ է բովանդակում հանձնարարականը անհասկանալի է, քանզի այն չի հրապարակվել, չի պարզաբանվել։
Աբսուրդների շարքում համար առաջինն այն է, որ ՀՀ քաղաքացու անձնագրի համար առավելագույն 2 տարի ժամկետ սահմանվում է կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով, մինչդեռ քաղաքացու անձնագրի համար ժամկետը սահմանվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով («Անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետը») ամրագրված է, որ «Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:»։ Չեմ զարմանա, եթե ավելի ուշ ներկայացնեն օրենքի փոփոխության նախագիծ, բայց ստացվում է այնպես, որ այսուհետ օրենքները պետք է համապատասխանեցվեն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտերի պահանջներին, այլ ոչ թե հակառակը։
- Նախագծով, ըստ էության սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտք ու ելքի իրավունքները՝ մարդիկ զրկում են օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ մուտքի արտոնագրեր/վիզաների ստանալու լեգիտիմ ակնկալիքից։ Սա կարող է խնդիրներ առաջացնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ երկխոսության համար։ Ավելին, Շենգենյան գոտու գործող կարգավորումների համաձայն յուրաքանչյուր քաղաքացու անձնագրի գործողությունը պետք է վավեր լինի շենգենյան տվյալ երկրից վերադառնալուց հետո առնվազն 3 ամիս: Այդ դեպքում, արդյոք ԵՄ երկրների կողմից կտրամադրվի երկարաժամկետ (ավելի քան երկու տարի ժամկետով) վիզաներ։ Կամ, օրինակ՝ ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն կարող է տրամադրել մուտքի հրավեր 10 տարվա ժամկետով։ Եթե անձնագրի գործողության ժամկետը դառնա 2 տարի, ապա ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու ԱՄՆ 10 տարվա վիզաները պահպանելու համար պահել և՛ հին նմուշի անձնագիրը, և՛ նորը կամ շատ հնարավոր է տվյալ պետությունները փոփոխեն իրենց վիզային քաղաքականությունը։
3.Ընդունվելու դեպքում նախագիծը ֆինանսական և վարչական պարտավորություններ է ստեղծելու քաղաքացու համար։ Արհեստական հերթեր են առաջանալու լիազոր մարմինների գրասենյակների առջև։ Դժվար է պատկերացնել, թե ինչ ծավալի ծանրաբեռնվածություն է դրվելու անձնագրային գրասենյակների վրա։ Հիմնավորման մեջ չկա հաշվարկ, թե ինչ ֆինանսական բեռ է այս փոփոխությունը առաջացնելու քաղաքացիների համար։ Բայց մի բան ակնհայտ է, որ վարչական բեռը ավելանալու է՝ օրինակ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել ու համար /կլոր կնիք/ քաղաքացին պետք է անձամբ ներկայանա, կամ տրամադրի լիազորագիր։ Իսկ սա նշանակում է երկու տարին մեկ քաղաքացին պետք է անցնի նույն շրջապտույտը։
Կարդացեք նաև
- Անձնագրային ծառայությունները շատ թանկ արժեն հյուպատոսական ծառայություններում։ Հաշվարկել են արդյոք նախագծի հեղինակները, թե ինչ ֆինանսական բեռ կլինի դա մեր քաղաքացիների համար։
Ես ձեռնպահ կմնամ այս նախագիծը ներկայացնելու հիմքերի և պատճառների մասին ենթադրություններ անելու գայթակղությունից, սակայն մի բան ակներև է՝ չի կարող նախագիծը, որ շոշափում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը, ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյան