Սյունիքի մարզի չորս՝ Գորիս, Մեղրի, Տեղ եւ Տաթեւ համայնքներում կիրակի առաջին անգամ անցկացվեցին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Գորիս համայնքում բացարձակ մեծամասնություն կազմեց «Առուշ Առուշանյան» դաշինքը՝ առաջ անցնելով «Քաղաքացիական պայմանագրի» եւ Հայ ազգային կոնգրեսից, իսկ Տեղում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց «Ապրելու երկրին»։
Այլ իրավիճակ է ստեղծվել Մեղրի եւ Տաթեւ համայնքներում։ Այստեղ առաջադրված ուժերը չեն ստացել ընտրողների քվեների կեսից ավելին։ Այս դեպքում, եթե որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով՝ ավագանու կազմից։ Մեղրիում, նախնական արդյունքներով, 8595 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5098 ընտրող։ «Ազատական» կուսակցությունը ստացել է 716 քվե, «Ապրելու երկիր»-ը՝ 487, «Հանրապետությունը»՝ 2133, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 1637։ Ըստ այս քվեների՝ ավագանու մանդատները բաշխվելու են «Հանրապետություն» ՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 5 մանդատ, «Ազատականն» ու «Ապրելու երկիրը» կստանան 2-ական մանդատ։
Մեղրեցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ժամանակ հայտարարում էին, որ տարբերություն չկա իրենց թեկնածուին կքվեարկեն թե իշխող կուսակցության։ «Արամ Սարգսյանն ասաց՝ Նիկոլը իմ ընկերն է, քվեարկեք մեր թեկնածուին, ու այդ նույն ծրագրերը Մեղրիում կշարունակվեն, տարբերություն չի լինի»,-պատմում է Սուսաննա Փարամազյանը։ Մեղրեցիների կարծիքով, համայնքապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արարատ Թումանյանն այդ պատճառով քիչ ձայներ ստացավ։
Կարդացեք նաև
Արարատ Թումանյանը Aravot.am-ի հետ զրույցում չցանակացավ անդրադառնալ այդ թեմային։ Նրա խոսքով՝ ինքն ու իր թիմը հարգում են մեղրեցիների ընտրությունը։ «Չեմ բացառում կոալիցիա կազմելը այս կամ այն ուժի հետ։ Ի վերջո, բոլորս նույն համայնքում ենք ապրելու, պետք է գործենք ի շահ մեղրեցու եւ Հայաստանի բարօրության»,-ասում է Արարատ Թումանյանը։
«Հանրապետության» ցուցակը գլխավորող Բագրատ Զաքարյանը չի խուսափում աշխատել ավագանու բոլոր անդամների հետ, բայց ինքը բանակցելու ցանկություն չունի։ «Ով որ լինի ավագանու անդամ, իր խղճի չափով ՝ թող իր քվեարկությունը անի համայնքապետի ընտրության ժամանակ»,-ասում է Զաքարյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ որեւէ մեկին միանալու քաղաքական որոշում կուսակցությունը դեռ չի կայացրել։
«Ազատական» կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Խաչատուր Անդրեասյանը ողջ օրվա ընթացքում անհասանելի էր։
Բացի Մեղրի համայնքից, նման իրավիճակ է ստեղծվել Տաթեւ համայնքում։ 4197 ընտրողից մասնակցել է 2615-ը, որից 337-ը կամ 13, 13 %-ը վստահության քվեն տվել է «Ապրելու երկրին», 949–ը կամ 36,98%-ը «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությանը, 1280 քվե կամ 49, 88%-ը ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Քաղաքացիական պայմանագիրը» թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողով վերահաշվարկի դիմում է ներկայացրել։
Ավագանու համամասնական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ ժամանակացույցի կամփոփվեն առաջիկա կիրակի։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ