Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, մեծ ներուժի դեպքում Նիկոլ Փաշինյանը հենց ինքը կաներ Գորիսում քարոզչությունը». Անի Խաչատրյան

Հոկտեմբեր 18,2021 20:35

Մեղրի համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական արդյունքներով հաղթել  է «Հանրապետություն» կուսակցությունը, որը ստացել էր ձայների 42,8 տոկոսը: Այս կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը: «Քաղաքացիական պայմանագիրը» 32,8 տոկոս քվե էր ստացել, «Ազատական» կուսակցությունը՝ 14.4 %, «Ապրելու երկիրը»՝ 9,8 %:

Թե ինչպես են գնահատում ընտրությունների այս արդյունքները, արդա՞ր էր, ընտրախախտումներ եղա՞ն, թե՞ չեղան՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց. «Մենք ցավոք սրտի ժամանակի սղության պատճառով չմասնակցեցինք բոլոր համայնքների ընտրություններին, Դիլիջանում ու Մեղրիում ենք մենակ մասնակցել ու հետեւել ենք այդ երկու տարածքների ընտրություններին ավելի շատ, երկուսում էլ խախտումներ չեն եղել: Եթե լինեին, վստահաբար բարձրաձայնած կլինեինք: Իսկ ընդհանուր առմամբ ՀՀ-ում վերջին 3 տարիներին անում ենք ՀՀ-ի վերջին 20 տարվա  մեջ չեղած ամենաարդար ընտրությունները ու այս ընտրությունների արդյունքները դրա վառ օրինակն են: Քաղաքացու տված քվեով են ձեւավորվում թե՛ ՏԻՄ մարմինները, թե՛ անցկացվում համապետական ընտրությունները»:

Հարցին՝ դրանո՞վ է բացատրվում այն, որ, օրինակ, Գորիսում հաղթեց Առուշ Առուշանյանը, չնայած իշխանությունները մեծ ներուժ ունեին ու ռեսուրս էին դրել այնտեղ՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչ ներուժ է դրվել, կարծում եմ, մեծ ներուժի դեպքում Նիկոլ Փաշինյանն ինքը կաներ հենց Գորիսում քարոզչությունը, դրա համար այնքան էլ համաձայն չեմ մեծ ներուժ ասվածի հետ: Ինչ վերաբերում է արդյունքներին, ՏԻՄ ընտրությունները մի քիչ համապետականից տարբերվում են, այստեղ անձի ընտրությունը շատ կարեւորում է համայնքի բնակիչը ու անձ է ընտրում, ոնց որ Նիկոլ Փաշինյանի պարագայում ընտրում էր Նիկոլ Փաշինյան, ոչ թե ցուցակ էր նայում: Չէր նայում Արամ Սարգսյանի ցուցակը, առաջին համարներին էր նայում: ՏԻՄ-ի դեպքում ավելի ուրիշ է, այստեղ նայում են ոչ թե քաղաքական թիմին, անձերի ընտրություն է ու նայում են ոչ միայն առաջին համարին, այլ նաեւ ցուցակին»:

Անի Խաչատրյանն ասաց, որ քանի որ ավագանու ցուցակից պետք է լինեն խոշորացված բոլոր համայնքներից ներկայացուցիչներ, ամեն համայնքի ընտրող նայում է, թե իր համայնքի ներկայացուցիչն ով է լինելու:

Հարցին՝ սոցցանցերում ընդդիմությունը ցնծության մեջ է, որ Գորիսում հաղթել է Առուշանյանը, ասում են՝ Սյունիքը մերժեց Փաշինյանին, սա զուտ տեղական փոքր հաղթանա՞կ էր ընդդիմության, թե՞ այստեղ լուրջ քաղաքական հարց կա՝ Անի Խաչատրյանը պատասխանեց. «Սա սովորական համայնքային ընտրություն էր, իհարկե, իսկ համապետական ընտրությունների ժամանակ, կարծում եմ, գործող քաղաքապետի դերը կօգնի քաղաքական ուժին, եթե իհարկե գործող քաղաքապետը կարողանա մինչեւ համապետական ընտրությունները ժողովրդի մոտ արդարացնել իրեն իր աշխատանքով, դա կօգնի քաղաքական ուժին ձայն տալու համար, բայց ավել ոչինչ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031