Կորոնավիրուսի «դելտա» շտամն ավելի ագրեսիվ է, ինկուբացիոն շրջանն էլ կարճ է տեւում եւ հիվանդությունն ավելի արագ է զարգանում, ինչի հետեւանքով բուժառուի վիճակը շատ ավելի շուտ է վատանում: Այսօր այս մասին ասաց մանկաբույժ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին՝ Սպուտնիկ-Արմենիա մամուլի սրահի կազմակերպած տեսակապի ժամանակ: Բժիշկն ասաց, որ գրեթե չի կասկածում՝ արդեն իսկ շրջանառվում են կորոնավիրուսի այլ շտամեր, որոնք դեռ ուսումնասիրված չեն:
«Եթե նախկին շտամը երկու շաբաթում էր զարգանում, ապա այս նորի պարագայում ժամկետը կրճատվել է՝ դառնալով մեկ շաբաթ, երբեմն էլ՝ քիչ: Եվ սրա պատճառով հիվանդների քանակը մեծանում է, առողջապահության համակարգն աշխատում է ծայրահեղ ծանրաբեռնված: Այդ ծանրաբեռնվածությանը ոչ բոլորն են դիմանում: Մոսկվայում դեռ որոշ ռեզերվներ կան, բայց փոքր շրջաններում վիճակը շատ ծանր է ու դժվար: Մեր մարզպետներից մեկն այն համեմատեց ցունամիի հետ: Իսկապես այն կորոնավիրուսի ցունամի է, որը ծածկել է Ռուսաստանի դաշնության շրջանները»,-ասաց Վլադիմիր Կրուգլին՝ իրավիճակը համարելով անհանգստացնող: Բժշկի կարծիքով, կորոնավիրուսի դեմ լուրջ պաշտպանություն կազմակերպելու ժամանակը պատասխանատուները բաց են թողել.
«Մենք չօգտագործեցինք այն ժամանակը, որը կարող էինք օգտագործել զանգվածային պատվաստումների համար, որը կարող էր բերել կոլեկտիվ իմունիտետի: Պատվաստանյութի պաշտպանությունը «դելտա» շտամից 80 տոկոս է: Բայց պատվաստումը տեղի է ունենում շատ դանդաղ տեմպերով, որը նույնպես նպաստում է, որպեսզի վարակվածների թիվը մեծ տեմպերով ավելանա: Զանգվածային պատվաստման հարցի չլուծելը հանդիսանում է հանրային առողջապահության լուրջ խնդիր: Մեզ մոտ պատվաստման դանդաղումը հանդիսանում է վճռականության բացակայությունը»:
Բժշկի խոսքով, ամեն երկրում պատվաստման հակաքարոզչությամբ զբաղվողները կազմում են 8-10 տոկոս եւ նրանք նպատակաուղղված տարածում են սուտ տեղեկատվություն: Բժիշկը գտնում է՝ հենց այդպիսի աղբյուրների նկատմամբ պետք է շատ խիստ պատժամիջոցներ կիրառել, քանի որ դա երկրի համար անվտանգության խնդիր է. «Դա ոչ մի կապ չունի ազատ խոսքի հետ: Որոշ տեղեր այդ գործելակերպը օրենքով պատժելի է, բայց մեզ մոտ դեռ չենք տեսնում նման պատիժներ: Վլադիմիր Կրուգլին գտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում փափուկ մեթոդները չեն օգնի, պետք է գնալ շատ կոշտ եւ վճռական մեթոդների:
Կարդացեք նաև
Նա թվարկեց «դելտայի» ախտանշանները. Առաջին մի քանի օրը ոչ այնքան բարձր ջերմություն՝ մինչեւ 38 աստիճան, հազ, թուլություն, շնչահեղձություն. «Եթե նախորդ շտամի դեպքում գրիպը բնորոշ չէ, «դելտայի» պարագայում առաջին ախտանշաններից մեկը հենց գրիպն է»:
Նման ախտանշաններ ունենալու դեպքում, բժիշկը խորհուրդ տվեց նաեւ անպայման հետեւել արյան մեջ թթվածնի հագեցվածությանը՝ «սատուրացիային»:
Ինչ վերաբերում է պատվաստված ու պաշտպանված լինելուն, ապա, բժշկի խոսքով, պատվաստվողները պետք է իմանան, որ ներարկումից հետո 6 շաբաթ հետո միայն ձեւավորվում է իմունիտետը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ